Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Գյումրիում երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում են Շիրակի մարզի քննչական վարչությունում «Առաջին լրատվական»-ի աղբյուրները, մի խումբ երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն` Գյումրու «Գծի հետև» կոչվող թաղամասում, որը շարունակվել է քաղաքի Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում գտնվող` Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց:
Նշենք, որ այսօր Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող՝ 99 VS 999 մակնիշի BMW արտասահմանյան արտադրության ավտոմեքենան գտնվում էր Շիրակի մարզի քննչական վարչության դիմաց:
Շիրակի մարզի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սայաթ Գարեգինյանը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեքենան քննություն իրականացնելու նպատակով է բերվել քննչական: «Մենք իրականացնում ենք քննություն, նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այլ հարցերի պատասխանել չենք կարող»,- նշեց Սայաթ Գարեգինյանը:







































