Monday, 15 06 2026
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

Սողալու համար ծնվածը չի կարող թռչել


«Առաջին լրատվական»-ը շարունակում է Մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իրականացված սպանդի գլխավոր դերակատարների բացահայտումը: Հունվարի 28-ի համարում ներկայացրել էինք ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, այսօր հերթը` Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանինն է:
Նախ սկսենք Միխայիլ Հարությունյանի կենսագրությունից: Նա ծնվել է 1946թ. փետրվարի 10-ին` Ադրբեջանի ԽՍՀ Շեմախի շրջանի Սագիյան գյուղում, կրթություն է ստացել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում`1963-1967թթ., 1976թ. ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1988թ. ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, մասնավորապես` 7-րդ բանակի Հետախուզության բաժնի պետ, այնուհետեւ` ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի Հետախուզության ամբիոնի դասախոսի պաշտոնները:

Նախկին հետախույզներ չեն լինում, կամ Հայաստան գալու իրական դրդապատճառները

Հայտնի է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստան եկան ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած բարձրաստիճան տասնյակ զինվորականներ, որոնց թվում էր նաեւ` գնդապետ Միխայիլ Հարությունյանը: Սակայն Մ.Հարությունյանը` ադրբեջանական միջավայրում ձեւավորված հայազգի զինվորականը, ում գերագույն նպատակը միջավայրին յուրահատուկ ձեւերով ծառայողական աստիճանով բարձրանալն ու Մոսկվայում հաստատվելն էր, ենթադրաբար կամովին չէր հրաժարվի ռուսական զինված ուժերում իր հետագա ապահովագրված առաջխաղացման հեռանկարից: Այն, որ նա ուներ եւ առայսօր էլ ունի ծանրակշիռ հովանավորներ ոչ միայն Հայաստանում` երեւացել է նրա ծառայության եւ հետագա առաջխաղացման ընթացքում: 
1992-1994թթ. Մ.Հարությունյանը ՀՀ ԶՈՒ համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ս.Սարգսյանի` Պնախարար դառնալուց հետո նա նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Ինչպես մեր շարքի նախորդ «հերոսը»` Վ.Օսկանյանը, այնպես էլ Միխայիլ Հարությունյանը 1999թ. հեղաշրջումից հետո Ռ.Քոչարյանի իշխանության վստահելի ֆիգուրներից էր: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Ռ.Քոչարյանի թիվ մեկ խնդիրն էր` զինված ուժերի ղեկավար կազմում նոր վերադասավորումներով ու նշանակումներով թիմակիցների ՙբանակ՚ ձեւավորելը: Նախ առանց պաշտպանության նախարարի ներկայացման մի շարք զինվորականների շնորհվեցին գեներալի կոչումներ, ապա նրանք նշանակվեցին ԶՈւ տարբեր պաշտոնների: 2000թ. մարտին կատարվեցին նախարարի տեղեկալների նշանակումներ` կրկին առանց նախարարի հետ համաձայնեցնելու (Մանվել Գրիգորյան, Գագիկ Մելքոնյան, Յուրի Խաչատուրով, Արթուր Աղաբեկյան, Միքայել Գրիգորյան): Ապա` Սահմանադրության խախտմամբ 2000թ. մայիսի 2-ին, շրջանցելով վարչապետին, պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նույն օրը ՀՀ Պնախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին ՀՀ Պնախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միխայիլ Հարությունյանի վրա: Ապա վարչապետ Արամ Զավենի Սարգսյանին փոխարինեց Անդրանիկ Մարգարյանը` 2000թ. մայիսի 12-ին նշանակվելով ՀՀ վարչապետ: 2000-ի մայիսին ձեւավորված նոր կառավարության կազմում դարձյալ պաշտպանության նախարար նշանակվեց Սերժ Սարգսյանը, ինչի արդյունքում փաստացի իրականացվեց Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի պատկերացրած տրասնֆորմացիան զինված ուժերում` կազմավորվեց ՙյուրայինների՚ թիմը: Դե իսկ արդեն` 2007թ. Ս.Սարգսյանի կառավարությունում Մ.Հարությունյանը, որպես Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին ծառայություններ մատուցած անձ, զբաղեցրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ստախոսը 

2008թ. մեծ քաղաքականություն` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը Հայաստանի հասարակության մեջ նախագահական ընտրություններում գործող ռեժիմից ձերբազատվելու մեծ հույս էր արթնացրել: ՀՀ առաջին նախագահի նկատմամբ հասարակության վստահության մեծացումը, նախընտրական շրջանում նրա վարկանիշի օրի օրի բարձրացումը եւ ընտրությունների օրը քվեների միջոցով ժողովրդի արտահայտած կամքը վկայեցին իշխանությունների պարտությունը: Եվ դարձյալ իշխանությունների առջեւ կանգնեց ռեժիմը ամեն գնով պահելու գերխնդիրը:
«Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքներ», սա 2008թ. փետրվարի 23-ին, նախագահական ընտրություններից չորս օր անց, Կարմիր բանակի օրվա առիթով «Հաղթանակ» զբոսայգի այցելած Պնախարար Միխայիլ Հարությունյանի հայտարարությունն է: Այդ օրը նա ծավալուն անդրադարձ կատարեց քաղաքական գործընթացներին: «Հայոց բանակի ոչ մի փոխնախարար չի աջակցում Լեւոն Տեր-Պետրոսյանին»- ասել էր Մ.Հարությունյանը` հավելելով, որ նման հայտարարությունների հեղինակները միգուցե իրենց ցանկությունն են արտահայտում: «Այդ լուրերը կեղծ են, իսկ Պնախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից: Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները: Մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, որոնց հրամանները գործում են բոլորի համար` զինվորից մինչեւ հրամանատար, գեներալ, մինչեւ նախարարի տեղակալներ: Այնպես որ, մի հավատացեք նման հայտարարությունների, որոնք, միգուցե, ընդդիմության ցանկությունն են, որը չի իրականանա՚: Մ.Հարությունյանը այդ օրը չբավարարվեց դրանով` նա նաեւ սպառնաց, որ «նման հայտարարությունների համար բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջեւ, քանի որ ոչ ոք իրավունք չունի արհամարհել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»: «Դիմում եմ բոլորին. մեր բանակն ամուր է, բանակն իր առջեւ եղած խնդիրները լուծում է, եւ թող ոչ ոք չմտածի, որ բանակին կարելի է ներքաշել ինչ-ինչ խնդիրների մեջ»: 
Փետրվարի 23-ը 2008թ. հետընտրական գործընթացում իրավամբ առանցքային օր էր: Հետագայում պարզվեց, որ հենց այդ օրն էր սկիզբ դրվել Հայաստանի ապագայի կործանմանը: Հասարակությունը համոզվեց, որ Մ.Հարությունյանը պարզապես ստել էր` նշելով, թե «բանակը չի զբաղվում քաղաքականությամբ» եւ որ «բանակը չի ներքաշվելու քաղաքական գործընթացների մեջ»: 2009թ. դեկտեմբերի կեսին մամուլում հրապարակվեց սենսացիոն մի փաստաթուղթ, որն ապացուցեց, թե որքանով էր «անկեղծ» պաշտպանության նախկին նախարարը։ Խոսքը` 2008թ. փետրվարի 23-ին Միխայիլ Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել էր ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին։ Հիշեցնենք, որ դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով։
2. Երեւան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ` նշանակելով`
– կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կ.Քոչունցին,
– կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանին,
– կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ, գնդապետ Ա.Կարապետյանին,
– կայազորի պետի օգնական հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալ, գնդապետ Հ.Կարապետյանին,
– կայազորի պետի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով` ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ, գնդապետ Ս.Առուշանյանին,
– կայազորի պետի տեղակալ թիկունքի գծով` ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տ.Գասպարյանին,
– կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով` ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Չիլինգարյանին,
– կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով` ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանին,
– կայազորի կապի պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ կապի եւ ԱԿՀ վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ.Զաքարյանին,
– կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Ս.Արզումանյանին,
– կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ փոխգնդապետ Ա.Փարսադանյանին։
Երեւանի կայազորի պետի աշխատանքային տեղը որոշել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մասնաշենքում։
14. Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին, իրենց մասով` ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ զինվորական կոմիսարին, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարներին, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին, անձնակազմին՚։
Այսինքն` վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Մ.Հարությունյանի հրամանով սպաներից կազմված զինված խմբերը նախատեսված են եղել ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, ավելին` դրան մանրակրկիտ նախապատրաստվել են, ապա իրականացրել` մարտի 1-ին։ Մինչդեռ նկատենք, որ Սահմանադրության 8.2 հոդվածում հստակ ամրագրված է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ 
Համաձայն վերոնշյալ հրամանի` սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Երեւանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Կայազորի պետ Յու.Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետը: Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետը: Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի եւ ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը: Երեւանի կայազորի պետի աշխատավայրը սահմանվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մասնաշենքում:
Նույն հրամանով ՀՀ ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետին հանձնարարվում է.
ըստ զորամիավորումների հայտերի կամ Երեւանի կայազորի պետի ցուցումի` տրամադրել ստեղծվող (ժամանող) ստորաբաժանումներին անհրաժեշտ նյութական միջոցներ` ապահովելով նորմալ կենցաղային պայմաններ:
Որպես հրամանի հասցեատերեր նշվել են ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, ՀՀ զինվորական կոմիսարը, պաշտպանության բանակի բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը:
Հետագայում արդեն հայտնի դարձավ, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի էին ունեցել ուժային կառույցների ղեկավարների եւ ՀՀ ՊՆ հրամկազմի հետ խորհրդակցություններ։ Այսինքն` հենց այդ խորհրդակցությունների արդյունքում էլ Մ.Հարությունյանը արձակել էր վերոնշյալ` N0038 հրամանը։ 

Բանակի ներգրավումը 2008-ի նախագահական ընտրություններից հետո

Այն, թե բանակը ինչպիսի մասնակցություն է ունեցել հետընտրական գործընթացներին` մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը` ներկայացվել է Փաստահավաք խմբի`«Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցում, որը հրապարակվել է մամուլում 2010թ. մայիսին: Դրանում մանրակրկիտ ներկայացվեցին թե՛ բանակի մասնացությունն ապացուցող փաստերը, թե՛ դրանց իրականացման ճանապարհին կատարված Սահմանադրության խախտումները:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածը սահմանում է. ՙՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո՚: ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ կետերի համաձայն.«ՀՀ նախագահը`
Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»:
ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ ՀՀ Զինված ուժերը կոչված են ապահովելու բացառապես ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը:
Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ ու սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու: Դրանք են.
ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ.
բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում.
գ) պատերազմ հայտարարվելու դեպքում:
Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը այս բոլոր երեք դեպքերում զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման եւս` ռազմական դրության հայտարարումը: Այսինքն` նույնիսկ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն:
Հիշեցնենք նաեւ, որ հետագայում, երբ հրապարակվեց հույժ գաղտնի 0038 հրամանի քաղվածքը, դրա ի հայտ գալու կապակցությամբ 2010թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման:
Փաստահավաք խումբը 0038 հրամանի հրապարակված կետերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից եզրակացրել էր.
«ա. Նախ, ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաեւ զինված հարձակման անմիջական վտանգ, առավել եւս` որեւէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել: Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձեւավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որեւէ հրաման չէր կարող հիմնավորվել ՙՍահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով՚ ձեւակերպմամբ:
բ. ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն` Երեւանում ձեւավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի եւ ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում: Պատահական չէ, որ հրամանում վկայակոչված չէ ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի որեւէ նորմ կամ դրույթ»:
Ասել է թե` մինչ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին: Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր: Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ ու խմբեր, տեղափոխվել ու տեղակայվել Երեւանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս եւ այլն):
Ի դեպ, նկատենք, որ Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Մ.Հարությունյանը իրեն ուղղված բազմաթիվ հարցերին ի պատասխան հերքել էր փետրվարի 23-ի իր 0038 հրամանի գոյությունը եւ պնդել, թե մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասի» ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը` ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները որեւէ գործողության չեն մասնակցել ու որեւէ դերակատարում չեն ունեցել: Խմբի անդամ Ա.Քոչարյանի հարցին. «Սահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին կյանքին` կարելի՞է, թե՞ոչ», նա պատախանել է. «Իհարկե, կարելի է»: Իսկ երբ նրան հակադարձել էին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը նման իրավունք չի նախատեսում, Մ.Հարությունյանը արդարացել էր, թե ստորագրվել էր` ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚ ՀՀ նախագահի հրամանագիրը, եւ ինքը ղեկավարվել է այդ հրամանագրով: Այսպիսով, ակնհայտ է, որ պաշտպանության նախկին նախարարի համար Սահմանադրությունից գերակա են եղել նախագահի կարգադրություններն ու հրամանագրերը:
Հարկ է նաեւ նշել, որ մամուլում ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված հրամանի քաղվածքի հրապարակումից հետո ՀՀ ՊՆ-ն չի հերքել նման հրամանի առկայությունը` փորձելով պատճառաբանել այդ ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմամբ: ՊՆ N0038 հրամանի օրինականության ՙհիմնավորումը՚ բերել էր նաեւ Ռ.Քոչարյանը` իր մամլո խոսնակի` Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով. «Պաշտպանության նախարարի գործողությունները պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության այն իրական սպառնալիքների համատեքստում, որոնք առկա էին 2008թ. հունվար-փետրվար ամիսներին: Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին` Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով»: Իշխանությունների նշյալ «հիմնավորում-արդարացումից» կարելի է բխեցնել, որ նրանք առաջնորդվել են հետեւյալ ցնցող տրամաբանությամբ. այդ` «ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության» պայմաններում նրանք ոչ թե փորձել են ամրացնել դիրքերը, այլ շարժվել են Երեւան` բերելով զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա եւ սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ…
Փաստահավաք խումբը բերել էր նաեւ այլ ապացույցներ, որ մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված էր եւ մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին.
ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երեւանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ` ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով եւ լուսանկարներով:
Որ բանակը զինվորական ծանր տեխնիկայով եւ անմիջականորեն մասնակցել է 2008թ. հետընտրական գործընթացներին` վկայում են նաեւ Փաստահավաք խմբի տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, որոնցում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը եւ մուտքը Երեւան` կրկին մինչեւ արտակարգ դրության հայտարարումը:
Փաստահավաք խումբը հետագայում բացահայտել էր մի ուշագրավ փաստ եւս. բանակի մասնակցության փաստը կոծկելու նպատակով իշխանությունները հրապարակ էին նետել ՀՀ ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի հետ կապված մի վարկած, համաձայն որի` Դաստակովը 2008-ի փետրվարի 25-ին իր ղեկավարությամբ խումբ է ստեղծել հետեւյալ հիմնավորմամբ. «Մեր զինվորները փետրվարի 22-ից կաշկանդված էին ծառայություն իրականացնում, եւ մենք պետք է հետեւեինք, թե նրանք ինչպես են ծառայություն իրականացնում»։ Իրականում պարզվեց, որ Դաստակովի խումբ` որպես այդպիսին, գոյություն չի ունեցել: Փաստորեն, այս վարկածի նպատակն էր կոծկել Մելիք-Ադամյան փողոցում Մարտի 1-ին, ժամը 15:00-17:00-ի սահմաններում բանակի զինված ստորաբաժանումների ներկայությունը, ինչը ապացուցվում էր Փաստահավաք խմբի տրամադրության տակ գտնվող անհերքելի տեսա եւ ֆոտո նյութերով:
Մարտի 1-2-ին իշխանությունների «վճռականությունը»` բանակի ներգրավմամբ, ցանկացած գնով ռեժիմը պահելու ուղղությամբ, արտացոլված է նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի կոչ-հայտարարության մեջ, որը հեռարձակվում էր մարտի 2-ի ողջ օրը լրատվական հատուկ ծրագրերում: Ս.Օհանյանը նախ արդարացնելով Ռ.Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումը` հստակ նախազգուշացրել էր. «Կուզենայի նաեւ նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ՀՀ զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդեցության` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երեւան քաղաքում թեկուզ եւ փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»: 

Մ. Հարությունյանի պաշտոնավարման արդյունքները

1994թ.-ից Ս.Սարգսյան-Մ.Հարությունյան զույգի գործունեության արդյունքում սկիզբ դրվեց բանակի կոռումպացմանը, ինչը թափ առավ մասնավորապես 2000-ից հետո: Պաշտոններ նշանակելը եւ կոչումներ շնորհելը իրականացվում էին առավելապես հովանավորչության արդյունքում, նրանց գործունեության շրջանում արմատավորվեց անպատժելիությունը եւ շատ դեպքերում` նույնիսկ հովանավորվեց: Զորակոչից հսկայական գումարներ «վաստակելը», բանակի բյուջետային միջոցները հաճախ ոչ նպատակային ծախսելը, այլ չարաշահումների միջոցով շահույթ ստանալը` հենց նրանց օրոք դարձան սովորական երեւույթ: Բանակում զբաղեցրած պաշտոնների շնորհիվ ապօրինի վաստակած գումարները Հարությունյանը եւ նրա ընտանիքի անդամները վերածեցին անշարժ գույքի եւ բազմաթիվ բիզնեսների:
Այսպես` Հարությունյանները փայաբաժիններ ունեն` «Հռոմ», «Կակտուս» եւ «Ցենտրալ» ռեստորաններում, «Լե Բոհեմ» սրճարանների ցանցում, Մաշտոցի պողոտայում գտնվող Storm հագուստի խանութում, Ավստրիական ավիաուղիների կողմից Հայաստան կատարվող բոլոր չվերթների տոմսաքանակից, նրանց են նաեւ պատկանում Երեւանի կենտրոնում եւ Մոսկվայում գտնվող բնակարաններ, Երեւանի ՙԲլուր՚ թաղամասում եւ Ձորաղբյուրում գտնվող առանձնատներ: 

Հ.Գ. Ահա` գետնաքարշությամբ կայացած, սպայական պատվից զուրկ, երեսպաշտության շնորհիվ ձեռք բերած կարգավիճակը պահպանելու ձգտմամբ օժտված եւս մի պաշտոնյայի տեսակ, որի «պատրաստակամությունը», «կարողություններն» ու «ընդունակություններն» իրենց ողջ «հմայքով» դրսեւորվել են Մարտի 1-ի ոճրագործության ընթացքում: Հենց Մ.Հարությունյանի ձեռքով Ռ.Քոչարյանը, անկաշկանդ խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ ներգրավելով բանակը ներքաղաքական գործընթացներին, իրականացրեց ռազմական հեղաշրջում, որի արդյունքում առնվազն ՀՀ տասը քաղաքացի զոհվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում