Աստղագետ, ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է որոշակի առաքելությամբ, ինչը պիտի իրականացնի ողջ կյանքի ընթացքում:
«Մարդը ոչ թե եկել է ավելի լավ ապրելու, այլ իր թերությունները շտկելու համար: Այս մասին շատ գրականություն կա, կարելի է գծել ճակատագրի քարտեզ և հասկանալ, թե մարդն ինչ առաքելություն ունի»,- ասաց աստղագետը:
Նա ասաց, որ իր հեղինակած ութ գրքերում կա մարդու ճակատագրի բացահայտման անհրաժեշտ տեղեկատվություն: Բանախոսի հավաստմամբ՝ յուրաքանչյուր մոլորակ ազդում է մարդու ճակատագրի վրա՝ կախված նրանից, թե տվյալ անհատը որ օրն է ծնվել և ինչ մոլորակի ազդեցության ներքո:
«60 հազարից ավելի ճակատագրեր եմ հաշվել, և դեռ ոչ ոք չի ասել՝ այս գիծն ինձ մոտ չկա: Հավաստիացնում եմ, որ մենք ապրում ենք դժվար ժամանակաշրջանում, և եթե չփորձենք շտկել մեր սխալները, մինչև 2055 թիվը բոլոր անկայուն հոգևոր գիտակցությունները կքանդվեն»:
Աստղագետը մեկնաբանեց, որ մարդու դաստիարակության համար պատասխանատու է Լուսինը:
Նա ներկայացրեց իր հաշվարկները, ըստ որոնց` հնարավոր է ճիշտ և երկար ապրել: Մինչև 18 տարի 9 ամիս մարդը պետք է նվիրվի կրթության ու դաստիարակության գործին, դրանից հետո` մինչև 38 տարի և 8 ամիս, մարդը պիտի գիտակցի իր թույլ տված սխալները և փորձի շտկել դրանք: Եթե դա չեղավ, նա կապրի մինչև 56 տարի և 7 ամիս, իսկ եթե փորձի ուղղել սխալները, կապրի 75.5 տարի: Այս տարիքից հետո, եթե մարդը փորձի խուսափել սխալներից, կապրի շատ ավելի երկար՝ մինչև 95 տարի և ավելի:







































