Շաբաթ օրը «Հրապարակ»-ը գրել էր, որ Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել էին հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մաիդկանց հաշվին: Ինչ-որ մեկի թելադրանքով նրանք նպաստառուներից պահանջել էին վճարել 5 հազար դրամ գույքահարկ՝ առանց որևէ կտրոն տրամադրելու:
«Սովորաբար, հատկապես մարզային բնակավայրերում պատահում է, որ նպաստ բաժանելու ժամանակ համապատասխան կառույցից ներկայացուցիչ է նստած լինում և գանձումներ է անում, բայց սա այդ դեպքերից չէ: «Փարոսի» աշխատողները նպաստ բաժանելիս գույքահարկ գանձելու որևէ իրավասություն չունեն: Մենք նաև գրել էինք, որ հենց այդ օրը «Փարոսի» և փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել էին Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք և փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել:
«Հայփոստից» երեկ հայտարարել են, որ փոստի աշխատակիցները որևէ առնչություն չունեն վերոնշյալ դեպքերի հետ, սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Աշտարակ քաղաքի փոստային բաժանմունքի պետը հրավիրվել է ոստիկանություն, և կասկածներ կան, որ փոստի աշխատողները ևս մասնակցել են այս մեքենայություններին: Իսկ երեկ «գույքահարկը վճարած» քաղաքացիներին կանչել ու վերադարձրել են գանձված գումարները և գույքահարկ վճարելու համար նրանց ուղղորդել համապատասխան կառույց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ մեր հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում»,- հավելում է թերթը:







































