Անի Մելքոնյանը և Միքայել Կարապետը Սիրիայից իրենց երեք անչափահաս երեխաների հետ Հայաստան տեղափոխված առաջ խմբից են, Հայաստան են եկել ինն ամիս առաջ, ստացել են փախստականի կարգավիճակ և երկու սենյականոց կացարան Նոր Նորքի հանրակացարանում:
«Երեխաների համար եկանք, ասացինք՝ թող հայրենիքի մեջ սովորեն: Այնտեղ ամեն տեղ լարվածություն էր նկատվում, հայտնի էր՝ ալիքը պետք է փոխանցվի Հալեպ: Մեզ համար ամենակարևորը երեխաներին էին, այդ պայմաններում ամենաշիտակ տեղը հայրենիքն է, հայ ըլլալու համար հայրենիք եկանք», -ասում են ամուսինները:
Իրականում չեն էլ ժխտում, որ սկզբում մտածել են Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին, սակայն մտածել են լեզվական և այլ դժվարությունների մասին, բացի այդ՝արդեն իսկ հայաստանցիների հետ դժվարությունների են հանդիպել: Միքայելի խոսքերով՝ դու որ ազգությանը պատկանում ես, այդ երկրի մեջ պետք է մնաս:
Ամուսինները չեն բացառում, որ իրենց ընտանիքի՝ Սիրիայից արագ տեղափոխմանը նպաստել է տուն չունենալու հանգամանքը, դրանով էլ պայմանավորվում են այս օրերին Հալեպի մեջ ապրող 60 հազար հայության հապաղելը և Հայաստան չտեղափոխվելը: Շատերը տուն, ակունքներ, մշակույթ ունեն, դրա համար դեռ չեն հապաղում գալ հայրենիք:
Միքայելի ընտանիքը փորձում է հաղթահարել դժվարությունները, երեխաների դպրոցի հարցն արդեն լուծվել է, մանկավարժները իրենց հիացմունքն են արտահայտելʽ որպես օրինակելի աշակերտներ:
Միքայելը զբաղվում է ոսկերչությամբ, ըստ էության՝ շարունակում է իր արհեստով զբաղվել, թեև
այստեղի և այնտեղի արհեստների մեջ զգալի տարբերություն է նկատում և հիմա ստիպված իր արհեստի մեջ ուրիշ էլեմենտներ է սովորում:
«Շատ տարբերություններ կան այստեղի և այնտեղի միջև, մենք այնտեղ որևէ բանի պետք չունեինք, կյանքի պետք չունեինք, ապահովված էինք, ատեն նյութականի մեջ շատ նեղություն կքաշենք, նոր քաղաք է, նոր ենք սկսել»,-ասաց Միքայելը՝ ավելացնելով, որ սիրիահայերը լսում են այս ամենը, մտածում՝ գան այստեղ ի՞նչ անեն:
Մեծ տղան՝ Լևոնը, ութերորդ դասարան է, հարմարվել է, ընկերներ ձեռք բերել և միշտ ուզում է հայրենիքում ապրել:
«Սփյուռքահայությունը պետք է մի բան մտածի. որ Հայաստանն իբրև երկիր շատ անուշիկ և դրախտային երկիր է, մեր հայերի հողն ու ջուրը արդեն իսկ Հայաստանն է, հիմա առիթ կա հավաքվելու»,-ասաց Միքայելը:










































