«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործը առաջիկայում Քննչական կոմիտեից կտեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաև պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Գրել էինք նաև, որ այս գործի հետ կապված, Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից։
Թեև Քննչական կոմիտեից հերքել էին մեր լուրը, սակայն այսօր արդեն նույն Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ տվյալներ են ստացվել առ այն, որ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի, և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ՝ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձանց վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք նաև, որ մեզ հասած տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում չի բացառվում է, որ հենց այսօր կամ առաջիկա օրերին ձերբակալվի նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, քանի որ վերը նշված բոլոր գործողությունները կատարվել են հենց իր ենթակայությամբ, և որևէ քայլ չի կատարվել վերջինիս կողմից հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ Չի բացառվում, որ քննությամբ պարզվի, որ ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքը կիսվել է հենց պետի հետ։
Հ․ Գ. Ուշագրավ է, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ, հավանաբար, ելնելով անմեղության կանխավարկածից, հանցագործության մեջ մեղադրվող Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի անունը չի նշում, ոչ էլ անվան սկզբնատառերը։ Մինչդեռ, հենց նույն Վահագն Աբգարյանի և մյուս շատ այլ գործերով մեղարյալների անունները միանգամից հրապարակվում են։









































