«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
– Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը դադարեցրել է ֆինանսական միջոցների հատկացումը Եվրոպայի խորհրդին՝ ի պատասխան ռուսաստանցի պատվիրակներին մանդատներից զրկելու որոշման, որն ընդունվել է Ղրիմի բռնակցման կապակցությամբ: Հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը մշտապես հետևում է Ռուսաստանին, Հայաստանի համար վտանգներ տեսնո՞ւմ եք:
– Որքան վատանան Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները, այնքան ռիսկերը, իհարկե, նաև մեզ համար են մեծանալու, քանի որ Արևմուտքին պատասխանելու գործընթացում Ռուսաստանը չի կարողանալու միայն իրենով և փորձելու է, այսպես կոչված, համակիրների ճամբար ձևավորել, ինչը, օրինակ, նա արեց և անում է «Իսլամական պետության» դեմ պայքարի կտրվածքով: Այսինքն՝ իր տեսակետների շուրջ կոնսոլիդացնելու է: Եվ այս կտրվածքով չպետք է բացառել, որ եթե ոչ տեսանելի ապագայում, ապա ինչ-որ իքս պահի կարող է մեր առջև այդպիսի խնդիր դնել, որ մենք էլ մեր «գործընկերոջը» միանանք հակաեվրոպական նախաձեռնություններում:
– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ճնշում լինի Հայաստանի վրա՝ հաշվի առնելով նաև Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևին Հայաստանի դեմ քվեարկությունը:
– Այս պահին՝ ոչ, որովհետև Հայաստանը ամենաանցանկալի հարցերում արդեն աջակցություն հայտնել է Ռուսաստանի դիրքորոշումներին: Եվ այս պահին ԵԽԽՎ-ում դժվար թե առանց որևէ հիմքի պահանջ ներկայացվի, թե դուք էլ դուրս եկեք, դուք էլ դադարեցրեք անդամավճարը և այլն, և այլն: Նախ՝ Ռուսաստանն իր հարաբերությունները Հայաստանի հետ չի սահմանափակում երկու կողմերի համար զգայուն խնդիրներով, ինչպես, օրինակ, Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունն է: Այսինքն՝ այս առումով մեր հարաբերություններն այնպիսին են, որ կարծես թե կողմերը ինչ-որ ազատության աստիճան ունեն համագործակցելու նույնիսկ այնպիսի երկրների կամ միավորների հետ, որոնք մյուս կողմի համար խնդրահարույց են: Եվ այս կտրվածքով, քանի որ խաղի կանոնը սա է և վատ խաղի կանոն է, Ռուսաստանը նման բան պահանջելու համար առնվազն պետք է դադարեցնի իր համագործակցությունը Ադրբեջանի հետ: Կանի՞ սա, իհարկե՝ չի անի: Եվ, բնականաբար, նա չի էլ կարողանա բաց տեքստով պահանջել Հայաստանից, որ Հայաստանն էլ հարգի նրա համար կարևոր և կենսական խնդիրները: Հետևաբար այդ կտրվածքով ես զարգացումները ավելի անուղղակի դաշտում եմ տեսնում, և տարբեր երկրորդական, երրորդական մակարդակի չինովնիկներ կարող են կա՛մ հասկացնել, կա՛մ ակնարկել, կա՛մ փորձել խաղալ Հայաստան-ԵԽ որևէ խնդրի վրա և ջուր լցնել կրակին: Ի վերջո, սա ամենաանմեղ դաշտն է, երբ ԵԽ-ի և Հայաստանի միջև խնդիրներ են լինում, և Ռուսաստանը անընդհատ խրախուսում է Հայաստանի իշխանություններին իր այդպիսի քայլերով, որոնք լարվածությունն ավելի են մեծացնում: Հիշեք, օրինակ, ԵԱՀԿ-ի հետ կապված Ադրբեջանի պատմությունը, երբ Պետդումայի պատգամավորների մակարդակով խրախուսում էին Ադրբեջանին, թե ինչ ճիշտ է անում, որ ԵԱՀԿ գրասենյակը փակում է, որովհետև Ադրբեջանն այլևս հասուն պետություն է, այլևս անձնագիր ունեցող պետություն է, և, բնականաբար, նրան ոչ ոք չպետք է դասեր տա և այլն: Այսինքն՝ այսպիսի զգացողությունների վրա է խաղում Ռուսաստանը: Կամ կարող են լինել զարգացումներ, որոնք անցանկալի գնահատականներ բերեն Եվրոպայի կողմից, և դրանք խթանվեն: Այսինքն՝ իրենց այս դաշտում գործելը շատ հեշտ է, և միշտ գործել են այդ դաշտում, քանի որ բաց տեքստով հիմքեր չունեն Հայաստանին նման պահանջներ ներկայացնելու: Բայց եկեք չբացառենք նման տարբերակի առաջքաշումը, որովհետև եթե Ռուսաստանին այլ տարբերակ չմնա, կամ Ռուսաստանին դա մնա եթե ոչ՝ լավագույն, բայց միակ տարբերակներից մեկը, բնականաբար նա կփորձի իր շուրջը կոնսոլիդացնել նաև Հայաստանին:
– Ի դեպ, ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մեկնարկեց Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով: Արդյոք խնդիրները լուծում կստանա՞ն Ագրամունտին փոխելով, արդյոք դա՞ էր ամենակարևոր խնդիրը:
– Բացարձակապես: Ագրամունտը խնդիր է, բայց նա այդպիսի գործելու ազատություն էր ստացել հայկական և ոչ միայն հայկական, այլ նաև շատ պատվիրակությունների անգործության արդյունքում: Եթե պատվիրակությունները շատ ավելի վաղ կանխարգելելին որոշ խնդիրներ, որոնք նկատվել էին, և շատ ավելի լուրջ աշխատանք տարվեր այդ ուղղությամբ, Ագրամունտը եթե անգամ ներքուստ ցանկություն ունենար ծառայություններ մատուցել Ռուսաստանին կամ Ադրբեջանին, չէր անի: Խնդիրը հայկական դիվանագիտության անգործության մեջ է, այլապես այս Ագրամունտին կարող է փոխարինել մեկ ուրիշ Ագրամունտ. դրանից ի՞նչ էր փոխվելու:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































