«Որևէ ինտրիգ չկա: Վարչապետը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, խորհրդի նիստի ժամանակ կուսակցությունն առաջարկել է նրան վարչապետի պաշտոնում, նախագահը նշանակել է, հետևաբար բոլոր գործերում հաջողություն ենք մաղթում կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարիների համար վարչապետի հարցը լուծված է, և դա ՀՀԿ-ն է որոշելու:
«Մենք գնացել ենք խորհրդարանական ընտրության, և ժողովուրդը ձայնը տվել է ՀՀԿ-ին: 2018-ին, 19-ին, մինչև 22 թվականը, մինչև նոր ընտրություններ՝ 2017-ի ապրիլի երկուսի ընտրությամբ ժողովուրդը որոշել է, որ կառավարություն ձևավորելու, վարչապետ նշանակելու և առաջադրելու, քաղաքական պատասխանատվության հարցը բացառապես ՀՀԿ-ն է կրելու, որովհետև մենք ստացել ենք մեծամասնություն: Սա ոչ կիսանախագահական և ոչ էլ նախագահական համակարգ է, սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնը իրականացնել անվտանգության դոկտրինը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































