Երեկ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք է բաժանվել: «Ելք» դաշինքի անդամների և Նիկոլ Փաշինյանի հետ միասին դեպքի վայրում գտնվող ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները այդպես էլ չբացեցին շտաբը:
«Բացահայտում ասվածը մի քիչ շատ ճոխ է, երեկ մեր շտաբը պաշտոնապես հաղորդագրություն տարածել է: Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի և գործիչների՝ ՀՀԿ-ն ընտրողներին ո՛չ նաղդ, ոչ էլ նիսյա փող չի խոստացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք»-ի տարածած տեսագրությանը:
Էդուարդ Շարմազանովը տեսել է տեսագրությունը, բայց չի տեսել ընտրակաշառք բաժանելու դեպք. «Եթե կա, հորդորում եմ իրավապահներին զբաղվել դրանով, ոչ ընտրակաշառք տալու, ոչ ընտրակաշառքի փորձի, ոչ ընտրակաշառք վերցնելու որևէ փաստ չկա՝ ի տարբերություն որոշ ուժերի և գործիչների, ովքեր իրենց նախընտրական գործընթացներում հույսը դրել էին նաև նիսյա փող խոստանալու վրա: Հորդորում եմ որպես շտաբի պետ՝ ՀՀԿ կենտրոնական շտաբը ընտրողներին ո՛չ նաղդով, ո՛չ էլ նիսյայով փող չի խոստացել: Մենք բացառապես գնում ենք ծրագրային ընտրությունների, և մեր նախընտրական շտաբը շատ օպերատիվ տարածեց հաղորդագրություն, մնացածն արդեն իրավապահների խնդիրն է, ի՞նչ խնդիր կա»,- ասաց պարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետը:
Նրա խոսքով՝ ցանկացած հակաօրինական գործընթաց դատապարտելի է, բայց տարածած տեսանյութում Շարմազանովը որևէ հակաօրինական քայլ չի տեսել: «Կրկնում եմ՝ որպես շտաբի պետ. ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ն, ՀՀԿ շտաբը, ՀՀԿ-ի թեկնածուն ժողովրդին ոչ նաղդով, ոչ էլ նիսյայով փող չի խոստացել»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Panorama.am-ի









































