Լոնդոնի դատարանը Սաուդյան Արաբիայից բիզնեսմենին պարտադրել է նախկին կնոջը վճարել 68 միլիոն դոլար ապահարզանի համաձայնության շրջանակներում, հայտնում է BBC-ն: Հավանաբար դա Բրիտանիայի ապահարզանների դատական պրակտիկայում ամենախոշոր նյութական փոխհատուցումն է:
Միլիարդատեր Վալիդ Ջուֆալին 2 տարի առաջ բաժանվել է ամերիկյան նախկին մոդել Քրիստինա Էստրադայից՝ շարիաթի օրենքների համաձայն: Դատարանում հայցվորը պատմել է, որ Ջուֆալին իր հետ ամուսնությունը չեղարկել է առանց իր իմացության, ամուսնացել է երկրորդ անգամ և փորձել է օգտագործել իր դիվանագիտական իմունիտետը, որ առաջին կնոջը հնարավորություն չտա բաժանության գործընթաց սկսելու:
Սաուդյան միլիարդատերը հենվել է այն բանի վրա, որ 2014 թվականից Լոնդոնում գտնվող Միջազգային ծովային կազմակերպությունում նա ներկայացնում է կարիբյան փոքր կղզի-պետություն Սենթ Լյուսիան: Սակայն Բարձր դատարանը պարզել է, որ Ջուֆալին հասել է այդ պաշտոնում նշանակմանը նախկին կնոջ դատական պահանջներին հակազդելու նպատակով, և նրա իմունիտետը համարել է կեղծ:
Էստրադան հայցով նախկին ամուսնուց պահանջել է ցմահ իրեն վճարել տարեկան 1,3 միլիոն դոլար:







































