Փոքր քանակությամբ սննդամթերքի գողությունը քաղցը հագեցնելու համար հանցագործություն չէ, վճռել է Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդպիսով, դատավորները չեղարկել են Ռոման Օստրյակովի՝ ծագումով ուկրաինացի անտուն տղամարդու դատավճիռը, որը սուպերմարկետից 4 եվրոյի պանիր և նրբերշիկ է գողացել:
Ըստ դատարանի՝ Օստրյակովը սնունդը գողացել է «սնվելու անհապաղ և անխուսափելի կարիքից դրդված»: Հետևաբար, դա հանցագործություն չի եղել:
Դեպքը տեղի է ունեցել 2011-ին: Մեկ այլ գնորդ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ Օստրյակովը փորձել է խանութից դուրս գալ պանիրն ու նրբերշիկը գրպանում՝ վճարելով միայն հացի ձողիկների համար:
2015-ին Օստրյակովին մեղավոր են ճանաչել գողության համար և դատապարտել են 6 ամսվա ազատազրկման ու 100 եվրո տուգանքի, սակայն նրա պաշտպանը բողոքարկել է դատավճիռը:








































