Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ավարտվել է Երջանիկ Մ.-ի գործի դատական քննությունը:
26-ամյա Երջանիկը մեղադրվել է բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով: Չամուսնացած Երջանիկը «երջանկանալու» փորձ է կատարել՝ հասարակական զուգարանում անծանոթ կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ, ու անմիջապես ապերջանիկ վիճակի մեջ է ընկել՝ դեպքի վայրից անհապաղ բերման ենթարկվելով ոստիկանություն:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 17-ի սահմաններում Արտաշատի քաղաքային զբոսայգու տարածքում զբոսնող Երջանիկը նկատել է նույն քաղաքի բնակչուհի Ամալյային (անունը փոխված է):
Երջանիկը հետևել է աղջկան, իսկ երբ վերջինս մտել է զբոսայգու տարածքում գտնվող հասարակական զուգարան, գնացել է նրա հետևից, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը:
Երջանիկը մի ձեռքով բռնել-սեղմել է Ամալյայի պարանոցը, մյուս ձեռքով սկսել է հանել կնոջ շորերը՝ արձակել է տաբատի կոճակները: Բայց Ամալյան ակտիվորեն դիմադրել է՝ կծել է Երջանիկի աջ ձեռքի ցուցամատն ու աջ ուսը, օգնություն է կանչել, չի թողել, որ տղամարդը հանի իր շորերը:
Ամալյայի ճիչերը լսվել են զբոսայգում, անմիջապես դեպքի վայր են շտապել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանները ու Երջանիկին հանցանքի պահին բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Երջանիկը նույն օրը հայտնվել է անազատության մեջ:
Տուժող Ամալյան դատարանում հայտնել է, որ դեպքի օրը ինքը գնացել է զբոսայգի ու նստել է բացօթյա սրճարանի սեղաններից մեկի մոտ: Սուրճ է պատվիրել: Մինչ այդ իրեն անծանոթ մի տղա՝ Երջանիկը, մոտեցել ու նստել է իր կողքին: Ինքը պահանջել է, որ տղան հեռանա, բայց նա համառել է: Հետո էլ տեղափոխվել ու նստել է դիմացի աթոռին:
Նա սկսել է խոսել իր հետ: Ասել է, թե առաջին հայացքից սիրահարվել է ու՝ նման բաներ: Ապա առանց իր համաձայնությունը հարցնելու՝ վճարել է իր խմած սուրճի համար:
Ինքը վեր է կացել, այդ տղայից պահանջել է, որ չհետապնդի իրեն, ապա քայլել է դեպի զբոսայգու զուգարան՝ բնական կարիքները հոգալու: Սկզբում նույնիսկ շփոթվել ու բացել է տղամարդկանց համար նախատեսված զուգարանի դուռը, ապա մտել է կանանց զուգարան: Դուրս է եկել, լվացվել է ու այդ պահին տեսել է, որ Երջանիկը մտավ զուգարան: Նրան տեսնելով՝ ինքը սկսել է գոռալ: Երջանիկը մոտեցել է, մի ձեռքով բռնել է իր բերանը, մյուս ձեռքով գրկել ու սեղմել է իրեն՝ ասելով, թե ցանկանում է հետը սեռական հարաբերություն ունենալ անմիջապես:
Ինքը դիմադրել է, որ կարողանա ազատվել ու փախչել, կծել է Երջանիկի մատը և ուսը: Բայց նա իրեն գցել է գետնին, փորձել է իջեցնել իր շալվարը:
Ինքը շարունակել է դիմադրել ու գոռալ: Այդ ժամանակ զուգարան են մտել ոստիկանները ու ազատել են իրեն…
Ամբաստանյալ Երջանիկը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա վարկածով՝ տեղի է ունեցել հետևյալը. տուժողի հետ հենց դեպքի օրն է ծանոթացել՝ զբոսայգու սրճարանում: Ամալյան մենակ նստած էր սրճարանի սեղաններից մեկի մոտ: Ինքը մոտեցել ու նստել է նույն սեղանի մոտ, իրենք ծանոթացել են, մոտ կես ժամ զրուցել են իրար հետ:
Ինքը վճարել է Ամալյայի պատվիրած սուրճի համար: Ամալյան գնացել է զուգարան:
Մեկ-երկու րոպե անց ինքն անհանգստացել է նրա ուշացման համար, նույնպես մտել է զուգարան: Ամալյան կանանց զուգարանի դռան մոտ էր: Նա ձեռքով կանչել է իրեն: Ինքը նրա հետևից մտել է զուգարան, բայց նա սկսել է գոռգոռալ՝ «բաց թող, բաց թող»:
Ինքը փորձել է նրան հանգստացնել՝ ասելով, թե գնում է, բայց երբ ցանկացել է զուգարանից դուրս գալ, ոստիկանները բռնել են:
Ամբաստանյալ Երջանիկը պնդել է, թե տուժողին բռնաբարելու մտադրություն չի ունեցել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի փորձել հանել նրա շորերը, նա էլ իրեն չի կծել: Իսկ նախաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել մի ոստիկանի՝ չի հիշում, թե կոնկրետ ում, հորդորով: Ոստիկանն ասել է՝ եթե խոստովանական ցուցմունք գրես, կազատվես, տուն կգնաս ու չես դատվի…
Նախաքննական խոստովանական ցուցմունքում Երջանիկը հայտնել է, թե դեպքի օրը զբոսայգում նկատել է մի աղջկա, ով քայլում էր դեպի սրճարան: Աղջիկը նստել է սրճարանի սեղանի մոտ: Ինքը մոտեցել, նստել է նրա կողքին: Աղջիկը պահանջել է, որ կողքին չնստի: Ինքն էլ վեր է կացել, նստել է դիմացի աթոռին: Ծանոթացել է նրա հետ, ասել է, թե սիրահարվել է նրան, ցանկանում է ամուսնանալ: Աղջիկն էլ ժպտացել է:
Ինքը վճարել է նրա պատվիրած սուրճի համար: Աղջիկը պահանջել է իրեն չհետապնդել: Նա գնացել է հասարակական զուգարան: Ինքն էլ է մտել զուգարան, տեսել է, որ աղջիկը լվացվում է: Նա իրեն նկատելով՝ սկսել է բղավել, բայց ինքը բռնել է նրա բերանը, գրկել է, մյուս ձեռքով շոյել է կուրծքը: Այդ ընթացքում իր մեջ ցանկություն է արթնացել…
Աղջիկը դիմադրել է, կծել է իրեն, գոռացել է, խնդրել է բաց թողնել: Բայց ինքն ավելի ամուր է գրկել ու փորձել է հանել նրա շալվարը: Հանկարծ ներս են մտել ոստիկանները…
Ըստ հարցաքննության արձանագրության՝ Երջանիկը ցուցմունքի վերջնամասը գրել է անձամբ, ևս մեկ անգամ համառոտ շարադրել է կատարվածը, նշել է, որ զղջում է, ցուցմունքը գրված է իր բառերից, ճիշտ է, ցուցմունքի վերջին մասը գրված է իր ձեռքով:
Նույնաբովանդակ ցուցմունք Երջանիկը տվել է տուժողի հետ առերես հարցաքննվելու ժամանակ:
Պաշտպանի ներկայությամբ որպես մեղադրյալ հարցաքննվելիս Երջանիկը դարձյալ իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Դեպքի վայր շատ ժամանակին մուտք գործած ու բռնաբարությունը խափանած ոստիկան Գասպարյանը հայտնել է, որ դեպքի օրը ծառայություն է իրականացրել մի երթուղով, որի մեջ մտել է նաև զբոսայգու տարածքը:
Ժամը 17-ի սահմաններում ցանկացել է օգտվել հասարակական զուգարանից, մոտեցել է, բայց կանանց զուգարանի մոտով անցնելիս ներսից բղավոցներ է լսել: Մի պահ նույնիսկ չի կողմնորոշվել՝ ներս մտնի՞, թե՞ ոչ՝ անհարմար է զգացել…
Բայց բղավոցները շարունակվել են, ոստիկանը հրել-բացել է կանանց զուգարանի դուռը: Տեսել է, որ ամբաստանյալը գրեթե գետնին է գցել տուժողին: Նա մի ձեռքով բռնել էր աղջկա պարանոցից, մյուս ձեռքով փորձում էր հանել նրա հագուստը, աղջիկն էլ դիմադրում էր:
Տեսնելով ներս մտած ոստիկանին՝ ամբաստանյալն ու տուժողը ոտքի են կանգնել, տուժող աղջիկը դողալով ու արտասվելով ասել է, թե տղան ցանկանում էր բռնաբարել իրեն: Տղան չի հերքել նրա ասածը, միայն նշել է, թե սխալվել է, այլևս նման բան չի անի: Նրան բերման են ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանը պնդել է, թե այն տեսարանը, որին ինքն ականատես է եղել զուգարանում, չէր կարող այլ տպավորություն թողնել, քան՝ որ ամբաստանյալը փորձում է բռնաբարել տուժողին:
Ամբաստանյալի օգտին ցուցմունք են տվել զբոսայգու սրճարանի մատուցողուհիները:
Նրանցից մեկը նշել է, որ թեև որևէ հիմնավորում չունի, բայց կարծում է, որ ամբաստանյալն անմեղ է, այդ ամենի հեղինակը տուժողն է: Վկան ասել է, թե կոնկրետ փաստեր չունի, խոսակցություններից լսել է, որ տուժողը «լավ մարդ չի», իսկ ամբաստանյալը խեղճ տղա է ու, իր կարծիքով, դարձել է տուժողի «զոհը»: Դեպքի օրն ինքը բղավոցներ չի լսել, սրճարանի երաժշտությունը միացված էր, զուգարանի ու սրճարանի միջև թռչունների բույն կա, որը տեսադաշտը փակում է…
Մյուս մատուցողուհին նշել է, թե գործընկերուհին իրեն ասել է, որ «վկա է պետք»: Ինքն էլ ասել է, թե հանուն ամբաստանյալի դատարան կգա ու ցուցմունք կտա՝ ճանաչելով տուժողին: Ճիշտ է, կոնկրետ փաստեր չունի, բայց լսել է, որ տուժողը լավ վարքի տեր չի…
Գործով քննչական փորձարարություն է կատարվել ամբաստանյալի մասնակցությամբ, նա ցույց է տվել, թե սրճարանի որ սեղանի մոտ էին նստած, ինչպես է հետևել տուժողին, ինչպես է մտել զուգարան ու ինչ գործողություններ է կատարել ներսում:
Դեպքի հաջորդ օրը կատարված դատաբժշկական փորձաքննությամբ ամբաստանյալի աջ ձեռքի ու աջ ուսի հատվածներում արձանագրվել են վնասվածքներ:
Երջանիկ Մ.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձի համար ու դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման: Դատավճիռը չի բողոքարկվել:








































