ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում նույն բանկը 2 անգամ կողոպտած գողը`լքելով հանցագործության վայրը, հայտնվել է ռեպորտաժի ուղիղ եթերում, հայտնում է KIMT News 3 հեռուստաալիքը:
Լրագրողների խումբը ռեպորտաժ է նկարահանել բանկի մուտքի մոտ, որտեղ երկուշաբթի տեղի է ունեցել կողոպուտը: Ինչպես հետագայում պարզվել է, այդ պահին նույն կողոպտիչը վերադարձել է բանկ, և կրկնելով հանցագործությունը, փորձել է թաքնվել, սակայն հայտնվել է հեռուստախցիկի օբյեկտիվում: Բանկի աշխատակիցը նկատել է բանկից դուրս եկած կողոպտչին և օգնության համար դիմել է լրագրողներին:
Դրա շնորհիվ, մոտ մեկ ժամ անց կասկածյալին բռնել են: Քննիչները վստահ են, որ հենց ձերբակալված Ռայան Լիսկովն է կատարել հանցագործությունը:








































