Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել` Ռուսաստանին կոչ անելով չեղարկել Աբխազիայի իշխանությունների հետ «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը: Վրաստանին էլ կոչ է արվել խուսափել նախկին իշխանությունների նկատմամբ աչառու արդարադատությունից: Փաստաթուղթը հանձնարարական բնույթ է կրում, գրում է Ria Novosti-ն:
«Եվրախորհրդարանը դատապարտում է Ռուսաստանի և Աբխազիայի միջև այսպես կոչված՝ «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը որպես քայլ դեպի Աբխազիայի լիիրավ բռնակցումը և Ռուսաստանին կոչ անում չեղարկել այն»,- ասվում է բանաձևում:
Բանաձևին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 491 պատգամավորներ, դեմ` 84-ը: Ձեռնպահ են մնացել 63 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը ստորագրվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին: