«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:
– ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մյուս կողմից՝ ՌԴ-ի դիմակայությունը կարծես թե նոր փուլ է թևակոխել` հատկապես երկու շաբաթ առաջ Դոնեցկի երկնքում կործանված օդանավի միջադեպից հետո: Փաստորեն, պատժամիջոցների երրորդ փաթեթը կիրառվեց ՌԴ դեմ, և Հայաստանը սկսեց ուղիղ զգալ այդ պատժամիջոցների հետևանքները, երբ ԱՄՆ-ը զգուշացրեց ՀՀ-ին, որ իշխանություններն ու գործարարները պետք է զգույշ լինեն այն կազմակերպությունների հետ որևէ գործարք կնքելիս, որոնց նկատմամբ կիրառվել են այդ պատժամիջոցները: Դրան հաջորդեց ՌԴ դեսպանատան պատասխանը: Այսինքն՝ ՀՀ-ն դարձավ երկու գերտերությունների դիմակայության փոքր հարթակ: Հասկանալի է` ԱՄՆ-ը գիտի, որ պատժամիջոցների ենթարկվող ռուսական բանկերը ՀՀ ռեզիդենտ բանկեր են և գործում են ՀՀ օրենսդրությամբ ու ոչ մի կապ չունեն ՌԴ տնտեսության հետ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն այդ զգուշացումն արեց ՀՀ-ին՝ հստակ այլ ուղերձներ նկատի ունենալով: Կցանկանայի՝ նկարագրեիք այս նոր իրավիճակը, և` ի՞նչ է սպասվում մեզ:
– Իրավիճակին անդրադառնալուց առաջ ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ ինքն իր խղճի առաջ իրեն հարց տա՝ ճի՞շտ է արվում, որ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ ճիշտ է արվում: Որովհետև չի կարելի ներխուժել սուվերեն երկրի տարածք այնպես, ինչպես դա ժամանակին արվեց Վրաստանում, հասնում էին մինչև Թբիլիսի: Հիմա Ուկրաինա՝ Ղրիմը սեփականություն հայտարարելով: Չի կարելի զենք վաճառել ռազմավարական գործընկերոջ հակառակորդ երկրին, չի կարելի աշխարհաքաղաքական բևեռ դառնալ՝ դրա ոչ ուժը, ոչ հնարավորությունը չունենալով: Ռուսաստանն իր իշխանության մեծամիտ նկրտումների հետևանքով հայտնվել է մի իրավիճակում, որին հետևելու է փլուզումը: ԽՍՀՄ նման գերհզոր երկիրը չդիմացավ այդ սառը պատերազմին, ճնշումներին՝ ունենալով սոցլագեր երկրներ, Վարշավյան պակտ, չդիմացավ ու փլուզվեց: Ռուսաստանը չի կարողանալու դա պահել, ու Ռուսաստանի այսօրվա իշխանությունները կարճամիտ պիտի լինեն, որ չհասկանան, որ դա միանշանակ իրենց վնաս է:
Բայց Ռուսաստանին թողնում եմ Ռուսաստանին, դա իրենց խնդիրն է: Իրենք գուցե իրենց տնտեսական պոտենցիալով, նյութական բազայից ելնելով՝ ինչ-որ կերպ կարողանան դրա տակից դուրս գալ, Հայաստանը չի կարողանալու դուրս գալ: Ու ես շատ կուզենայի, որ սրա պատասխանը տային բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր կողմնակից էին Հայաստանի՝ Ռուսաստանի հետ այս կարգի սերտաճմանը, ովքեր տեսնում էին այստեղ Հայաստանի անվտանգության, պաշտպանվածության երաշխիքներ, ովքեր Եվրասիական միություն ասելով` հասկանում էին տնտեսական զարգացում և այլընտրանք: Իսկ ի՞նչ այլընտրանք կարող է լինել Ռուսաստանը կամ Եվրասիական միությունը Եվրամիությանը: Եվրամիությունը արդար ընտրություններ են, ընտրությունների միջոցով իշխանության ձևավորում է, անկախ դատական համակարգ, շուկայական ազատ տնտեսություն, գիտական ու նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություն: Ռուսաստանը դրան այլընտրանք ի՞նչ է առաջարկելու` Նազարբաևին ու Լուկաշենկոյի՞ն, որոնք ցմահ են, կամ Պուտինի ու Մեդվեդևի այս տարբերա՞կը:
– Մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ այսպիսի պատժամիջոցներ են կիրառվում, այն դեպքում, երբ մեր տրանսֆերտների զգալի մասը ՌԴ-ից է գալիս, այն դեպքում, երբ մեծահարուստների մեծ մասը, նրանք, ովքեր զգալիորեն կապված են Հայաստանի հետ, հենց ՌԴ-ում են: Այսինքն՝ սա նշանակում է մի կողմից՝ կարող են ֆինանսները կրճատվել, ՀՀ միջոցով կեղտոտ փողեր լվացվել, մյուս կողմից՝ ռազմավարական գործընկերությունը կարող է հարվածի տակ դրվել և տարածաշրջանային սպառնալիքները՝ ավելանալ: Ի վերջո, մենք մեր հիմնական հույսը կապել ենք հենց այս երկրի հետ, և ՌԴ միջազգային մեկուսացումը կարող է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, ռազմական հետևանքներ ունենալ ՀՀ համար: Ի՞նչ կասեք այս մասին Դուք, որ տնտեսության մարդ եք՝ արդյունաբերությունից դուրս եկած, մարդ, ով ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցրել:
– Միանշանակ, ու ես առաջին անգամ չէ, որ դա ասում եմ` սկսած այն գործընթացներից, երբ 49 տարով տարածքներ տրամադրեցին ռազմավարական նպատակներով, վերջացրած Եվրասիական միությանն անդամակցելը, Եվրամիությանը ոչ ասելը: Առանձնապես մեծ ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ այս գործընթացները բերելու էին սրան: Որովհետև ՌԴ-ն, ՀՀ-ում տնտեսական լայն հնարավորություններ ունենալով, այստեղ ներդրումներ չի անում: Իրենք ներդրումներ անելու գումարներ չունեն: ՌԴ-ն առ այսօր արտադրում է «Նիվա» մեքենան, տեսեք, դրանից առաջ ու առ այսօր արտասահմանյան առաջատար մենքենա արտադրող գործարանները, նույնիսկ ասիական մեքենա արտադրող գործարանները ինչ առաջընթաց են ունեցել, իսկ Ռուսաստանը մնացել է այդ դիրքերի վրա: Այստեղ չկա ոչ գիտատար, ոչ մտքատար, ոչ ստեղծագործ որևէ բան: Այստեղ կա բնության շահագործում, մարդու շահագործում, սեփական իշխանության ամրապնդում, հարստության դիզում, անսահման ագահություն: Այս կոնտեքստն է, որ միավորել է Եվրասիական միության անդամ երկրներին: Նույն Նազարբաևը ցմահ է, Լուկաշենկոն ցմահ է, Պուտինը համարյա ցմահ է: Իրենք սրանով այլընտրանք են հանդիսանում Եվրամիությանը, և ՀՀ-ում բազմաթիվ կուսակցություններ էլ, որոնք իրենց ընդդիմադիր են համարում ու վախենում են այդ մասին ասել, իրենք իրենց այլընտրանք են ասում կամ համարում են՝ իրենք են էն ուժը, որ կարող է փոփոխություն բերել, դրա կողմնակիցն են: Ու բանը հասել է նրան, որ նույնիսկ ՀՀ իշխանությունները մտահոգություն են հայտնում այդ մասին, իրենք այդ մտահոգությունն էլ չունեն: Իրենք մտահոգված էլ չեն, որ ՌԴ-ն զենք է վաճառում ՀՀ-ի հակառակորդ պետությանը:
Այսօր Հայաստանում քաղաքական բանավեճը մի հարցի շուրջ է, որը ձևավորվել է վերջին շրջանի բոլոր գործընթացների արդյունքում` ներառյալ ուկրաինական գործընթացները, սահմանի գործընթացները: Այդ ամենը բերել է նրան, որ հասարակության մեջ որպես գլոբալ քննարկման թեմա դարձել է հետևյալը՝ «Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի, որպես պետության, զարգացումը՝ Եվրասիական միությունո՞ւմ, թե՞ Եվրոպական միությունում»: Եվ առաջիկա ցանկացած գործընթացում՝ լինի դա խորհրդարանական, թե նախագահական ընտրություններ, բանավեճը լինելու է այս կոնտեքստում: Բոլոր այն ուժերը, սկսած իշխանականից, վերջացրած ոչ իշխանականներով, որոնք համարում են, որ այս իշխանությունը վատն է այնքանով, որ քիչ հուսալի է ռուսների համար, իսկ իրենք ավելի հուսալի կլինեին, վաղուց արդեն Եվրասիական միության անդամ դարձած կլինեին, որովհետև իրենք ավելի հուսալի են: Իսկ թե ինչ է ռուսի համար նշանակում հուսալին՝ ես շատ լավ գիտեմ: Այս ուժերը միասնական են հանդես գալիս, սրանց բազան մեկն է: Իսկ այն ուժերը, որոնք Հայաստանի զարգացումը տեսնում են այլ կոնտեքստում, տեսնում են այն կոնտեքստում, որում փորձում է զարգանալ Վրաստանը, որում փորձեր է անում զարգանալ Ուկրաինան, տեսնում են այն կոնտեքստում, որում զարգացել է Եվրոպան, որտեղ ուզում են սովորել իրենց զավակները, որտեղ բուժվում են և տանում են բուժման իրենց ծնողներին: Էս ուժերը պիտի համախմբված հանդես գան: Ես համոված եմ, որ այս ուժերի մեջ եղած հակադրությունները անհամեմատ ավելի քիչ են, քան ընդհանրությունները: Այս ուժերը միասնական հանդես գալու դեպքում խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողություն կունենան, իսկ դրանից հետո ճիշտ թիմ կձևավորվի, ճիշտ համագործակցություն կձևավորվի: Ճիշտ լիդերի ընտրության պարագայում կարող են միանշանակ հաղթանակի հասնել: Ես գործընթացների զարգացումը տեսնում եմ այս ուղղությամբ:
– Դուք Հայաստանի այն քիչ վարչապետներից եք, ով առիթ է ունեցել Պուտինի հետ անձամբ շփվել և հարաբերվել: Ի՞նչ եք կարծում` այն պատժամիջոցները, որ այսօր կիրառում է Արևմուտքը, կստիպե՞ն Ռուսաստանին զիջման գնալ և գործի դնել ողջամտությունն ու գործարքի գնալ Արևմուտքի հետ, հանգիստ թողնել Ուկրաինան, թե՞ Ռուսաստանը կընտրի ինքնաբավ տնտեսությամբ երկիր դառնալու ուղին:
– Երբ ես հանդիպել եմ Պուտինի հետ, 38-39 տարեկան էի, և այս ընթացքում, երբ 50-ից ավել եմ, շատ եմ փոխվել թե՛ իմ մտածելակերպով, թե՛ արած քայլերի առումով: Սովորել եմ իմ բազմաթիվ սխալների վրա, դրանց վրա հետևություն եմ արել և կողմնորոշումներ ունեմ, որոնք ժամանակի մեջ հղկման կարիք են ունեցել: Իմ կարծիքով` այդպես է եղել նաև Պուտինի ճակատագիրը՝ վարչապետից դեպի նախագահ, բայց այս առումով, իմ գնահատականով, ինքը իշխանության մեջ կլանել է այն վատը, գնացել է այն դաշտը, որը ամենից հեշտ է սովորել, իսկ չինովնիկի համար ամենահեշտ սովորելու բանը բյուրոկրատիան է՝ շեֆը զբաղված է, շեֆը զբոսնում է, շեֆը հոգնած է: Կուլ է գնացել հարստությանը: Նախ` հարուստների հետ նստել վեր կենալ, հետո՝ ես այդ հարուստներից ինչով եմ պակաս: Օրինակ` հայ նախագահներից մեկն ասում էր, որ եթե նախագահ չդառնար, հիմա Քըրք Քըրքորյանի կամ Վաչե Մանուկյանի մակարդակի բիզնեսմեն կլիներ: Եվ ժամանակի մեջ հասավ դրան` իհարկե, եթե դա կարելի է բիզնես անվանել: Այդ սերունդը վերցրեց այդ օրինակը՝ սեփական բարեկեցության, հեշտ կառավարման, ազգայնական գաղափարախոսության վրա պահելու, ուժով իշխանությունը պահելու, սեփական ցանկությունը պարտադրելու, իսկ այդ ճանապարհը երկար չի կարող տևել:
– Իսկ Ռուսաստանը զիջման կգնա՞:
– Ինչպես Ռուսաստանը Սովետական Միության տարիներին պարտվեց, այս անգամ էլ է պարտվելու և կապիտուլացվելու է:
– Եվ ի՞նչ ճակատագիր է սպասելու արտագնա աշխատանքի մեկնած մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, ովքեր ստիպված են լինելու անգործ մնալ ու վերադառնալ Հայաստան: Բանն այն է, որ Ռուսաստանը պետք է կենտրոնանա իր առաջնահերթությունների վրա,և ամբողջ ծավալները սկսելու են ավելի զսպվել, ավելի քիչ ասֆալտ ու շենք պիտի կառուցեն: Ի՞նչ է լինելու մեր հայրենակիցների հետ:
– Կան գործընթացներ, որ մեր փոքրիկ Հայաստանից կախված չեն և զարգանում են անկախ մեր կամքից: Բայց մենք մեր աշխարհաքաղաքական դիրքով և կարևորությամբ միանշանակ կարող ենք մեզ արժանապատիվ պահել թե՛ մեր բարեկամների, թե՛ մեր հակառակորդների հետ հարաբերություններում: Արժանապատվությունը ամեն տեղ է պետք, ինչը առաջին հերթին մեր երկրում ոտնահարվել է: Սա մեկ: Երկրորդ` ես այն կարծիքին չեմ, որ եթե այդ ռուսական աշխատատեղերը չլինեն, ուրեմն մենք կորած ենք՝ մեռանք: Դա թող քառյակում ներգրավված ուժերը պրոպագանդեն, թող ռուսական կողմնորոշում ունեցող ուժերը պրոպագանդեն: Ես բացարձակ այդ կարծիքին չեմ: Ես այն կարծիքին եմ, որ մենք կարող ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ մարդը կապրի ավելի արժանապատիվ, քան այսօր ապրում է Ռուսաստանում և այստեղ փող ուղարկելով: Վրաստանում այսօր մարդիկ ապրում են քայլ առ քայլ ավելի լավ, չէ՞, բայց հույսով: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն ժամանակը, որ Աբխազիայում հանրաքվե են անելու ու նորից միանան Վրաստանին, ես համոզված եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Ղրիմում նորից հանրաքվե են անցկացնելու ու նորից միանան Ուկրաինային, որովհետև Ուկրաինան ավելի լավ է ապրելու: Որովհետև լավ ապրելու տարբերակը մեկն է՝ ժողովրդի կամքով իշխանություն ձևավորելը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, բիզնեսում հավասար պայմանների ապահովումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ռուսական իշխանությունները դա չեն ապահովում, որովհետև թե՛ ռուսական իշխանությունները, թե՛ հայկական իշխանությունները, թե՛ եվրասիական իշխանությունները իշխանիկներ են, իրենք օլիգարխներ են: Իրենք նախագահ գալիս են չունենալով մշտական բնակության վայր՝ հեռանում են 4-5 մլրդ դոլարով: Եվ ես վստահ եմ, որ այս ուժերը միասնական են հանդես գալիս իրենց պոտենցիալը պահելու համար: Համոզված եմ նաև, որ հասել է այն ժամանակը, որ այն ուժերը, որոնք իրական, համակարգային փոփոխություններ են տեսնում, ովքեր չեն պայքարում իրենց համար, չեն պայքարում որևէ անհատի համար, պայքարում են իրենց զավակների, իրենց երկրի ապագայի համար, այդ ուժերն էլ ունենալու են աջակցություն, աշխարհի, քաղաքակիրթ հանրության աջակցությունը ու այս անգամ հակադրության ընթացքում հաղթանակի հնարավորությունը անհամեմատ մեծ է լինելու:
– Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ զարգացումներ եք տեսնում: Այստեղ Ռուսաստանը ևս կարևոր խաղացող է: Մի կողմից կարծես թե միջնորդ երկիր է համարվում Մինսկի խմբի համանախագահների խմբում՝ զինելով հակամարտության կողմերից մեկին, մյուս կողմից` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր կարևոր դերակատար է ոչ միայն Ղարաբաղի, այլև տարածաշրջանի պատասխանատու դիրքից հանդես գալով: Ի՞նչ ելքեր եք տեսնում հատկապես այս դիվերսիոն հարձակումների կոնտեքստում:
– Նախ ուզում եմ փառք ու պատիվ ասել մեր բոլոր տղաներին, ովքեր իրենց արյան գնով պատերազմի ժամանակ զինադադարի թուղթ պարտադրեցին ստորագրել Ադրբեջանին այնպիսի դիրքերում, որ եթե նույնիսկ Ադրբեջանը քառասունապատիկ-հիսունապատիկ ավել զենք ու զինամթերք ունենա, եթե նույնիսկ Ադրբեջանը զինված լինի 21-րդ դարի զենքով, իսկ մենք 20-րդ դարի, միևնույն է՝ մեր դիրքերը, մեր տղաների թափած արյունը թույլ է տալիս հետ շպրտելու իրենց ցանկացած սանձազերծություն: Հետևաբար` հենց սրանից ելնելով է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Որովհետև հասկանում է, որ չի կարող 4-5 օրվա ընթացքում այնպիսի հաջողություններ ձեռք բերել, որոնցից ելնելով աշխարհը կասի՝ «էս ինչ եք անում, խաղաղություն, խաղաղություն», ու ոչ ոք չի կարող ասել, թե ինչու ես ետ վերցրել, որովհետև գործող քարտեզով դա իրենն է: Կարծում եք` Ադրբեջանը դա չի՞ հասկանում, հասկանում է, բա ինչո՞ւ չի անում՝ որովհետև չի կարող: Քաղաքական առումով Ադրբեջանի իշխանությունները ավելի մեծ կախվածություն ունեն իշխանությունը կորցնելուց, որովհետև ժողովրդավարության առումով՝ նույնիսկ Հայաստանից բազմաթիվ անգամ հետ են: Այս հանգամանքները դրդում են նրան, որ այս կարգի իշխանները, ովքեր մեծ հարստություն ունեն, բայց սրտով փոքրիկ իշխանիկ են, նման քայլերի չգնան:
Տարբերակ երկու. Ղարաբաղի հիմնահարցի լուծումը ձեռնտու չէ Ռուսաստանին, և իրենք դա չեն թաքցնում, որովհետև խնդիրը լուծելով իրենք կորցնում են ազդեցությունը թե՛ Հայաստանի իշխանություններ վրա,- որովհետև իշխանությունները այլևս չեն կարող ասել, որ Եվրասիական ենք գնում մեր անվտանգության համար,- թե՛ այլևս Ադրբեջանի իշխանությունների վրա: Պատերազմը նշանակում է հարցի լուծում, հետևաբար, առավել ևս Ուկրաինայի դեպքերից հետո, Ռուսաստանը չի գնա այստեղ նոր պատերազմ սկսելու ռիսկի: Կողմերից որևէ մեկին պաշտպանելու դեպքում էլ, միևնույն է, իր ռիսկը չափից ավելի մեծ է, և ինքը չի կարող իր վրա նման բեռ վերցնել: Այնպես որ, Ռուսաստանը պատերազմ չի հրահրի, իսկ Արևմուտքը՝ հանձինս Եվրոպայի ու Միացյալ Նահանգների, միանշանակ խաղաղության կողմնակից է, քանի որ ինքը այստեղ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահեր ունի, իրենք են հիմնականում ջանքեր գործադրում, որ նախագահները հանդիպեն, իրենք են արել ամեն ինչ, որ Մինսկի խումբը մնա, ու փառք Աստծո, այս 10 տարիների ընթացքում կարողացել են այնպես անել, որ այս դիվերսիոն հարձակումները չվերածվեն ավելի մեծ հրդեհի, ու կորուստներն ավելի շատ լինեն, դրա համար մենք պետք է Մինսկի խմբի պետություններին, ներառյալ Ռուսաստանին շնորհակալ լինենք: Սա շատ կարևոր ֆորմատ է, որի գործունեությունը, անկախ ձեռքբերումներից, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, անհրաժեշտ է:
– Դուք միշտ Իրանի մասով շատ կարևոր դիտարկումներ եք անում: Վերջերս հայտնի դարձավ, որ Իրանի նորընտիր նախագահը պատրաստվում է Հայաստան այցելել, իսկ Իրանի դեսպանը իր վերջին ասուլիսում հստակ ակնարկեց, թե իրանական գազը չեք ուզում` չեք ուզում, բայց գոնե թույլ տվեք, որ Հայաստանը տարանցիկ երկիր դառնա իրանական գազի համար: Ընդհանրապես, սառույցը հալվել է, և միջազգային հանրությունը ամեն տրանշից հերթական անգամ բաց է թողնում Իրանի վերջին 20 տարիների սառեցված միջոցները, և հասկանալի է, որ Ռուսաստանի հետ ստեղծված իրավիճակի պայմաններում Արևմուտքը ստիպված է Իրանի հետ ավելի կոնստրուկտիվ խոսել , որպեսզի կարողանա դիվերսիֆիկացնել գազային ու նավթային այն պաշարների ներկրումը, որ Ռուսաստանից է մինչև հիմա ապահովել: Ի՞նչ կարող է անել Հայաստանը և որքանո՞վ է կարող օգտվել ստեղծված իրավիճակում հատկապես Իրանի մասով:
– Հայաստանի համար մեկ խնդիրը ներկա դրությամբ արտագաղթն է: Այդ խնդիրը պետք է փորձի լուծել ցանկացած իշխանություն, կառավարություն: Այդ խնդիրը պետք է դրված լինի ցանկացած կուսակցության, ցանկացած քաղաքական անհատի առաջ: Ո՞րն է այդ արտագաղթի պատճառը: Իմ կարծիքով` այդ պատճառներից ամենահիմնականը չլուծված հակամարտությունն է, որը թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացնում: Երեխաների բանակում ծառայելը դառնում է արտագաղթի պատճառ: Հետևաբար այս խնդիրը լուծել է պետք: Երկրորդ` ամենահիմնական պատճառը, իմ դիտարկմամբ, տնտեսականն է: Մարդիկ չեն կարողանում իրենց հանապազօրյա հացը վաստակել: Ի՞նչ է պետք անել, որպեսզի մարդիկ իրենց երկրում կարողանան իրենց հացը վաստակել: Իմ կարծիքով` Հայաստանի տնտեսության համար մեկ խնդիրը ռուսական լծից անկախացումն է` ի հաշիվ տարածաշրջանում ներկայացված ծրագրերի:
Քայլ առաջին՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը, որ կառուցվում է: Սա շատ լուրջ ծրագիր է: Ես ամեն օր Արարատ-Երևան ճանապարհին եմ ու տեսնում եմ, թե ինչ դանդաղությամբ են աշխատանքները տարվում: Դա այսօր Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրը պետք է լիներ, վարչապետից սկսած մինչև տրանսպորտի նախարար այդ գծի վրա պիտի կանգնած լինեին: Երկրորդ` արդեն ութ տարուց ավելի խոսվում է Մեղրիում Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին: Ակնհայտ է, որ Իրանը դրանում շահագրգռված է շատ, և իրենք են անընդհատ բարձրաձայնում և չգիտես ինչու` անընդհատ լսել են տալիս կամ նախարարների մակարդակով` շարիկ են գլորում: Ռուսաստանը դեմ է սրան, այդ պատճառո՞վ Հայաստանը չի անում: Բա ասում են, թե Ռուսաստանը մեր բարեկամն է, բա ասում են, որ մենակ Ռուսաստանի իշխանության տակ գտնված Հայաստանն է, որ այսօր պետականություն ունի: Գրոշ արժի այդ պետականությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:








































