ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտնել է, որ ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ծրագրված է հունիսի 27-ին: Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
«Մենք հունիսի 27-ին Բրյուսելում կստորագրենք Վրաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագիր ԵՄ բոլոր պետությունների ղեկավարների ներկայությամբ»,- ասել է նա այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Դա շատ լուրջ պատմական փուլ է: Այդ ուղու ընտրությամբ Վրաստանը ցույց է տվել, որ ցանկանում է ունենալ ուժեղ պետական ինստիտուտներ և պատրաստ է հարգել օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները»,- հայտնել է վան Ռոմպեյը:
ԵՄ խորհրդի նախագահը նշել է, որ ԵՄ-ում ուշադրություն են դարձրել Վրաստանում վերջերս ընդունված՝ խտրականության դեմ օրենքին, որը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները՝ անկախ ռասայից, սեռական կողմնորոշումից և այլն:
Պատասխանելով հարցին այն մասին, թե որքանով է արդյունավետ ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, որը խախտել է Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ռոմպեյը հայտարարել է, որ այդ քաղաքականությունը հաջող է:
«Մենք պետք է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատենք, սակայն վերջին շրջանում Ուկրաիանյում տեղի ունեցած իրադարձությունները խնդիր ստեղծեցին, քանի որ տարածքային ամբողջականության խախտումն անօրինական է: Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ մեր քաղաքականությունն ադյունավետ է: Դրա վկայություն է Ասոցացման մասին համաձայնագրի առաջիկա ստորագրումը Վրաստանի և Մոլդովայի հետ, և դա՝ չնայած արտաքին ճնշմանը»,- ասել է վան Ռոմպեյը:









































