Եվրամիությունը պատրաստում է Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական՝ թվով 17-րդ փաթեթը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի խոսքերով՝ ակնկալվում է, որ նոր փաթեթը հուլիսի 23-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը հավանություն կստանա ԵՄ ԱԳՆ 27 երկրների արտգործնախարարների կողմից:
Նոր պատժամիջոցների համաձայն՝ կընդլայնվի սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք, և որոնց՝ Եվրոպայում պահվող ակտիվները կսառեցվեն: Բացի այդ, Սիրիայի դեմ կկիրառվեն նոր տնտեսական պատժամիջոցներ:
Նախորդ՝ 16-րդ փաթեթը հավանության էր արժանացել հունիսի 25-ին՝ Լյուքսենբուրգում տեղի ունեցած հանդիպմանը: Այդ ժամանակ «սև ցուցակում» ներառվեցին 49 սիրիական ընկերություններ և Սիրիայի 129 քաղաքացիներ:









































