Երևանի քաղաքապետարանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 2-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով:
«Երևանը բոլորիս տունն է և մեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր բակի ու տան հարակից տարածքի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին»,- փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորը նշել է Կամո Արեյանը:
Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել ծաղկող թփերի ձեռքբերման և տնկման աշխատանքները:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և բնակչությանն իրազեկել պարտադիր վճարումների մասին` զգուշացնելով, որ չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:







































