Տարին ստեղծագործական առումով շատ բուռն էր ու բեղմնավոր: Լույս տեսավ երկու տեսահոլովակ ու ձայնասկավառակս, ունեցա բազմաթիվ հյուրախաղեր Բեյրութում, Սիրիայում, Արգենտինայում, Ուրուգվայում ու Բրազիլիայում: Ամբողջ տարին աշխատել եմ ու ունեցա արդյունք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով անցած տարվա ստեղծագործական հաջողությունների մասին, ասաց երգչուհի Արմինե Նահապետյանը` Արմինկան:
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս է տեղի ունեցել (շուրջ 2 ամիս առաջ) իր տեսահոլովակի ու թվով 4-րդ ձայնասկավառակի` «Էն գարնան» շնորհանդեսը:
«Ձայնասկավառակում ներառված են գուսանական ու ժողովրդական երգեր` երկուսը գուսան Շերամի, Հավասու և մեկը գուսան Աշոտի, մնացածը ժողովրդական են»,- նշեց երգչուհին:
Ինչ վերաբերում է 2012թ. անելիքներին, ապա երգչուհին ասաց, որ ստացել է առաջարկներ, սակայն կոնկրետ պլանավորած բաներ չկա:
«Կան առաջարկներ, որոնց վրա աշխատում եմ, դրանք հիմնականում հյուրախաղեր են»,- ասաց երգչուհին` նշելով, որ գուցե գարնանը մեկ տեսահոլովակ նկարահանի, թեև չի որոշել` որ երգի հիման վրա:








































