Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը քննադատություն է հնչեցրել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Բաքու կատարած այցի առնչությամբ, սակայն հույս հայտնել, որ այդ այցը կօգտագործվի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար։
Այդ մասին Լեքսմանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին այցելում է Ադրբեջան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս ողբերգական տարելիցի դասը կօգտագործվի բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի կերպով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն ապահովելու համար»,-իր գրառման մեջ ընդգծել է Միրիամ Լեքսմանը։







































