Ապրիլի յոթին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը, որի նախաձեռնությունը եղել է Փաշինյանինը։ Ընդհանրապես, փետրվարի 23-ից ի վեր, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում արդեն երրորդ հեռախոսազրույցը։ Փաշինյանն ու Պուտինը խոսել են փետրվարի 23-ին, մարտի 13-ին, և ապրիլի 7-ին նրանք զրույց են ունեցել երրորդ անգամ։ Պաշտոնական հաղորդագրություններն այդ առնչությամբ ըստ էության ստանդարտի շրջանակում են, քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի վարչապետը նշել է խաղաղապահների քայլերի լիարժեքության կարևորությունը, երկուստեք հիշատակվել են եռակողմ հայտարարությունները։ Բարդ է գործնականում այդ ստանդարտի ներքո շոշափել, թե ինչպիսին կարող են լինել տողատակերը։ Սակայն, ապրիլի 7-ի հեռախոսազրույցը այդ առումով ուշադրության է արժանի թերևս երեք «ուղեկցող» հանգամանք։
Ապրիլի 4-ին Երևանում էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որն ինչպես հայտնի է ներկայացնում է Ռուսաստանը հենց եռակողմ հայտարարություններից մեկով ազդարարված աշխատանքային խմբում, որը երեք երկրի փոխվարչապետների մակարդակով զբաղվում է հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգով։ Օվերչուկին ընդունելով, Հայաստանի վարչապետը նկատել էր, որ կա հայ-ռուսական առավել ինտենսիվ շփումների անհրաժեշտություն։ Փաստորեն, Փաշինյանն ինքն էլ երկու օր անց նախաձեռնում է շփում Պուտինի հետ, թեև հնարավոր է, որ Հայաստանի վարչապետը դժգոհ է ավելի ցածր մակարդակում շփումների ոչ ինտենսիվ ժամանակագրությունից, որովհետև Պուտինի հետ օրինակ նա վերջին մեկուկես ամսում հեռախոսազրույց է ունենում փաստորեն երրորդ անգամ։ Միևնույն ժամանակ, հավանական է, որ երրորդ զրույցի անհրաժեշտությունն առաջացել է Օվերչուկի երևանյան այցից հետո, և հնարավոր է Հայաստանը ստացել է հաղորդուղիների օրակարգի վերաբերյալ որևէ առաջարկ կամ գաղափար Մոսկվայի, որի վերաբերյալ էլ ծավալվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։Այստեղ հիշատակենք մյուս երկու «զուգահեռ» հանգամանքը։ Օվերչուկի այցն ու դրան հաջորդած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում, Լաչինի միջանցքի երթուղու և հայ-ադրբեջանական սահմանի հայտնի զարգացումներից հետո։ Մյուսը այն է, որ Փաշինյանը Պուտինին զանգահարել է ՌԴ արտգործնախարար Լավրովի Անկարա այցին զուգահեռ, որի օրակարգում էլ նկատելի տեղ է զբաղեցրել ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման թեման։








































