Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

29-ամյա վանաձորցի երիտասարդը դանակահարել է ընկերուհուն անբավարար նշանակած դասախոսին

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ակսել Մխիթարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

29-ամյա Ակսել Մխիթարյանն Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երաժշտական ձևավորող է եղել:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը՝ նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մեղսագրված արարքի համար Ակսել Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա ընկերություն է արել վերոհիշյալ թատրոնի դերասանուհի Ա.-ի հետ: Վերջինս սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում:

Այնտեղ դասավանդել է Վասիլ Գևորգյանը:

2013 թվականի ձմռանը Վասիլ Գևորգյանի կողմից Ա.-ի կիսամյակային քննությունն անբավարար գնահատելուց հետո Ակսելը փորձել է հանդիպել դասախոսի հետ ու այդ թեմայով խոսել, բայց դասախոսը մերժել է:

2013 թվականի հունիսի 26-ին Ա.-ն նույն դասախոսի մոտ մեկ այլ առարկայից քննություն է հանձնել, չի պատասխանել և դարձյալ անբավարար է ստացել:

Ակսելը գնացել է ինստիտուտ, հանդիպել դասախոսին, առաջարկել է զրուցել ընկերուհու ստացած անբավարարի մասին:

Առանձնացել են մի ազատ լսարանում:

Ակսելը փորձել է համոզել, որ Գևորգյանը փոխի գնահատականը, ընկերուհուն դրական նշանակի: Պատճառաբանել է՝ թեև ընկերուհին տեսականորեն առարկային լավ չի տիրապետում, բայց ունի պրակտիկ աշխատանքի 15 տարվա փորձ:

Վասիլ Գևորգյանը պատասխանել է, թե ինքն առաջնորդվում է միայն օրենքով, որևէ այլ հանգամանք հաշվի չի առնում:

Ակսելի ու դասախոսի միջև վիճաբանություն է ծագել, ապա քաշքշոց, որի ընթացքում Ակսել Մխիթարյանը դանակահարել է դասախոսին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Ըստ Ակսելի՝ ինքը վերցրել է քննության ամփոփաթերթիկը, միջանցքում փորձել է համոզել Վասիլ Գևորգյանին, որ ընկերուհու անբավարարը դարձնի բավարար՝ «40»-ը դարձնի «70»:

Գևորգյանը փորձել է իր ձեռքից վերցնել ամփոփաթերթիկը: Ինքը ձեռքը մեկնել է առաջ ու ասել. «Մի րոպե համբերի»:

Վասիլ Գևորգյանը բռնել է իր ձախ ձեռքը, ոլորել է թիկունքի կողմը ու չի թողել, որ ինքը շարժվի:

Ինքը աջ ձեռքով մեկ անգամ հարվածել է Գևորգյանի դեմքին: Գևորգյանը աջ ձեռքի արմնկային մասով թիկունքից բռնել է իր պարանոցը ու սկսել է խեղդել:

Ինքը գոռացել է, ասել է՝ խեղդվում եմ, բայց Գևորգյանն ավելի ուժեղ է սեղմել: Իր աչքերի առաջը սևացել է, ինքը սկսել է շնչահեղձ լինել:

Այդ ժամանակ աջ ձեռքը տարել է տաբատի աջ կողային գրպանը, հանել է իր «ամենօրյա բացովի հավաքածուն»՝ փոքր ու մեծ դանակներով, գարեջրի բացիչով, մկրատով, փոքր սղոցով:

Բացել է հավաքածուի մեծ դանակը և անմիջապես հարվածել՝ չպատկերացնելով ու չտեսնելով, թե Գևորգյանի մարմնի որ մասին է հարվածում:

Հարվածից հետո Գևորգյանն իրեն բաց է թողել:

Ինքն ուշքի է եկել, տեսել արյունը ու վախեցած գնացել Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածքում գտնվող գետի մոտ, ցանկացել է կամրջից իրեն գցել գետը, ինքնասպան լինել, բայց սթափվել է, միայն ձեռքի դանակն է գցել գետը:

Տուժող Վասիլ Գևորգյանը 2002 թվականից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես դասախոս:

2011 թվականից գործուղվել է նաև Վանաձորի մասնաճյուղ՝ «Թատրոնի պատմություն» առարկան դասավանդելու:

Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում սովորել է Ա.-ն, ով 2013 թվականի ձմեռային կիսամյակի քննությունից անբավարար է ստացել:

2013 թվականի հունիսի 26-ին երկրորդ կուրսը դարձյալ քննություն է ունեցել Գևորգյանի առարկայից:

Ա.-ն ասել է, թե պատրաստ չէ տրված թեմաները պատասխանելուն: Դասախոսն առաջարկել է, որ գնա, մի քիչ պարապի ու գա պատասխանի:

Քննության վերջում աղջիկը դարձյալ ասել է, թե պատրաստ չէ քննությանը: Դասախոսը նրան անբավարար՝ «40» է նշանակել:

Ըստ տուժող դասախոսի՝ միջանցքում իրեն է մոտեցել մի երիտասարդ, ներկայացել որպես Ակսել, խնդրել է առանձնանալ ու խոսել Ա.-ի գնահատականի մասին:

Մտել են մի ազատ լսարան՝ դեկանատի դիմաց: Ինքը բացատրել է, որ ուսանողուհին ընդհանրապես ոչինչ չի պատասխանել, նման պայմաններում չէր կարող նրան դրական գնահատական նշանակել:

Ակսելը գնացել է դեկանատ, վերցրել քննության ամփոփագիրը: Միջանցքում նա առաջարկել է «40»-ը «70» դարձնել:

Ինքը մերժել է:

Երիտասարդն ասել է, որ ինքը խնդիրներ կունենա:

Քաշել է ամփոփագիրը, ճմռթել, մյուս ձեռքով բռնել է իր հագուստից: Ինքը բռնել է նրա ձեռքից, նա բռունցքով հարվածել է իր դեմքին:

Հետագա հարվածներից խուսափելու համար ոլորել է Ակսելի ձեռքը, տարել դեպի թիկունք ու բռնել:

Ակսելն ասել է՝ բաց թող: Ինքն էլ ասել է՝ հանգստացի, կթողնեմ: Հետո հարցրել է՝ հանգիստ ե՞ս, թողնե՞մ: Այդ ժամանակ տեսել է, որ Ակսելը ձեռքը հետ է տարել ու հարվածել իր աճուկային շրջանին: Ինքն ուժեղ ծակոց է զգացել, նրան առաջ է հրել: Նույն դիրքում ստացել է երկրորդ հարվածը: Նկատել է Ակսելի ձեռքի դանակը: Հասկացել է, որ նա դանակով հարվածել ու վնասել է իր զարկերակը: Սեղմել է զարկերակը, մտել մոտակա լսարան:

Տուժողը ամբաստանյալին պահանջ չի ներկայացրել:

Դատարանում Վասիլ Գևորգյանն ասել է, թե իրեն դանակահարել են ուսանողուհուն դրական չգնահատելու համար: Եթե պահանջված գնահատականը նշանակեր, միգուցե նման հետևանքներ չլինեին:

Ուսանողուհի Ա.-ն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով «Դերասանական արվեստ» առկա բաժնի երկրորդ կուրսի անվճար համակարգում:

Դոցենտ Վասիլ Գևորգյանը Վանաձորի մասնաճյուղում դասավանդել է «Հայ թատրոնի պատմություն» և «Արտասահմանյան թատրոնի պատմություն» առարկաները:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վասիլ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջ ազդրի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք՝ ազդրային երակի սուբտոտալ վնասումով, ինչպես նաև միջին ծանրության վնաս՝ աջ աճուկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալը տուժողին ծանր վնասվածք է պատճառել նրա ծառայողական գործունեության հետ կապված:

Ակսել Մխիթարյանը մեղսագրված հոդվածով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 26-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ոսկանյանը:

Ըստ պաշտպանի՝ Ակսել Մխիթարյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական:

Պաշտպանի վերլուծությամբ՝ ամբաստանյալը տուժողին դանակահարել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Տուժողը արմունկով սեղմել է Ակսելի պարանոցը, Ակսելը շնչահեղձ է եղել, խեղդվել ու խռխռացրել է և ստիպված է եղել չխեղդվելու համար դանակահարել խեղդողին:

Ճիշտ է, պաշտպանի կարծիքով՝ Ակսելն անցել է անհրաժեշտ պաշտպանության սահմանները, ոտնձգությանը ոչ համաչափ պաշտպանության միջոց է գործադրել:

Պաշտպանն իր դիրքորոշումը հիմնավորեց՝ յոթ վկաների դատաքննական ցուցմունքները վկայակոչելով, ովքեր նշել էին, թե Ակսելը խեղդվում էր, խռխռացնում էր, չէր կարողանում ազատվել տուժողի արմնկային սեղմումից:

Ու, ստացվում է, եթե չազատվեր ինչ-որ կերպ, անպայման կխեղդվեր հենց ինստիտուտի միջանցքում, բոլորի աչքի առաջ:

Պաշտպանը նշեց, թե տուժողի իրական ոտնձգությունը Ակսել Մխիթարյանի նկատմամբ ակնհայտ է եղել դեպքին ականատեսների համար: Սակայն այդ ոտնձգությունը եղել է ոչ թե հանցավոր, այլ՝ վտանգավոր ոտնձգություն:

Իսկ դատարանը, ըստ պաշտպանի, հաշվի չառնելով վկաների դատաքննական ցուցմունքները, եզրակացրել է, թե տուժողի ոտնձգությունը վտանգավոր չի եղել Ակսելի կյանքի համար: «Կարծես թե պարանոցը սեղմելն ու խեղդելը չէին կարող հանգեցնել մահվան»,- ասաց պաշտպանը՝ չհամաձայնելով դատարանի եզրահանգման հետ:

Պաշտպանը այլընտրանքային առաջարկ էլ ուներ: Եթե վերաքննիչ քրեական դատարանը հաստատված չգնահատի դանակահարությունը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված լինելու հանգամանքը, թող վերաորակի արարքը որպես պարզապես դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառում՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի: Որովհետև գործով, ըստ պաշտպանի, ապացուցված չէ, որ դասախոսի դանակահարությունը կապված է եղել վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Ըստ պաշտպանի՝ տուժողի ծառայողական պարտականությունների հետ կապված է եղել միայն կողմերի վիճաբանությունը: Իսկ դանակահարությունը արդեն կապ չի ունեցել դասախոսի աշխատանքի հետ:

Երկու դեպքում էլ, ըստ պաշտպանի, ամբաստանյալի արարքն ավելի մեղմ հանցատեսակով վերաորակելով՝ վերաքննիչ դատարանը պետք է նշանակի մեղմ պատիժ, ապա համաներում կիրառի և ամբաստանյալին ազատի պատժի կրումից: Իհարկե՝ նախևառաջ անհիմն գնահատելով ու բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բողոքի քննությանը չէր ներկայացել մեղադրողը: Վերջինս ֆաքսի միջոցով դատարանին տեղեկացրել էր, թե աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ: Քանի որ վերաքննիչ դատարանը բողոքը քննության է նշանակել վճռաբեկության կարգով, ապա մեղադրողը խնդրել է բողոքը քննել իր բացակայությամբ՝ հաշվի առնելով իր կարծիքը, այն է՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, պետք է թողնվի անփոփոխ:

Վերաքննիչ դատարանը մի քանի հարց ուղղեց պաշտպանի բողոքին միացած, ուրիշ ասելիք չունեցող ամբաստանյալին:

«Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր տուժողը ձեզ խեղդում հենց ինստիտուտի միջանցքում: Դասախոս մարդ էր վերջապես»:

Ամբաստանյալը խոսում էր ցածրաձայն ու անհամարձակ. «Դե, վիճաբանություն եղավ, իրար չհասկացանք»:

«Ինչո՞ւ էիք վիճաբանում»,- հարցրեց դատարանը:

«Քննության թերթիկն իմ ձեռքին էր»:
«Ինչո՞ւ էր ձեր ձեռքին»:

«Խնդրել էի»:

«Ինչո՞ւ: Դուք ստուգո՞ղ էիք, կրթության ու գիտության նախարարությունի՞ց էիք»:
«Ոչ, ուղղակի հետաքրքիր էր»:

«Դրա համա՞ր դանակահարեցիք դասախոսին»:

«Չէ, ձեռքս օլորեց»:

«Բայց ինչո՞ւ դանակահարեցիք»:

«Որ չխեղդի: Վախեցա, որ կխեղդի: Արդար ձևով դատեք: Ես համաձայն չեմ հոդվածին: Տուժողի ծառայողական գործունեության հետ կապված չեմ վնաս պատճառել…»,- սա եղավ ամբաստանյալի խնդրանքը վերաքննիչ դատարանին:

Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի դեմ գրավոր պատասխան էր ուղարկել տուժած դասախոսը: Այդ պատասխանը ներկայացվեց դատարանում:

Ըստ տուժողի՝ պաշտպանի բողոքը անհիմն է: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պետք է թողնվի անփոփոխ:

Պաշտպանի վկայակոչած յոթ վկաների վերաբերյալ տուժողը նշել էր, թե պաշտպանն անտեսել է նույն վկաների նախաքննական ցուցմունքները, որտեղ նրանք չեն ասել Ակսելին խեղդելու մասին: Իսկ դատարանում բոլորը փոխել են ցուցմունքները, միայն թե ամեն մեկը յուրովի է ներկայացրել. մեկն ասել է, թե Ակսելը խռխռացնում ու արդեն չէր կարողանում խոսել, մյուսը՝ թե Ակսելը գոռում էր, որ դասախոսն իրեն բաց թողնի, երրորդը՝ որ եթե Ակսելը չազատվեր, արդեն խեղդված կլիներ:

Միևնույն ժամանակ նույն վկաները, այդքան բանը տեսնելով, միահամուռ չէին «նկատել» դանակահարության պահը:

Բոլորն անտեսել են, որ քաշքշուկն ու դանակահարությունը մոտ մեկ րոպե են տևել, ոչ ավելի:

Ըստ տուժողի՝ ինքը չի խեղդել Ակսելին, բռնել է այնպես, որ նա ձեռքերը չշարժի, որովհետև նա արդեն հարվածել էր իր դեմքին, քաշքշել շորերը:

Տուժողի պնդմամբ՝ ամբաստանյալի արարքը ճիշտ է որակված: Դանակով երկու հարված հասցնելը չի կարող տարանջատվել իրենց վիճաբանությունից: Դա միասնական է և կապված է իր ծառայողական պարտականությունների կատարման՝ քննությանը չպատասխանած ուսանողուհուն անբավարար նշանակելու հետ:

Դատական նիստն ընդմիջվեց և կշարունակվի ապրիլի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում