Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին մի շարք կին ազատամարտիկներ, հերոսների մայրեր ու այրիներ, հերոսների զավակներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով ներկա կանանց, բարձր գնահատեց կանանց դերը հայոց բանակի կայացման գործում:
«Ես խոնարհվում եմ մեր մայրերի և քույրերի առջև: Հայ կնոջ դերը չափազանց մեծ է: Մենք շատ ենք լսել, որ շատ կանայք պատերազմի ժամանակ պայքարել են իրենց ամուսինների կողքին: Իսկ առանձնակի փորձություն հանդիսացող Արցախյան գոյամարտը ցույց տվեց՝ այն գործը, որ մեր պատմության ընթացքում կատարել են մեր կանայք, իրականություն դարձավ հենց մեր աչքերի առջև: Հայ կանայք ոտքի ելան և տղամարդկանց կողքին հավասարի պես ծառայեցին ու առանձնացան իրենց նվիրումով: Դա է պատճառը, որ այս գարնանային օրով մենք փորձում եմ մեծարել ձեզ»,- ասաց նախարարը: Նա հիշեց Արամ Մանուկյանի այն խոսքը, թե կորսված է այն հայրենիքը, որի մայրերը չեն նվիրաբերի իրենց զավակներին այդ հայրենիքին:
Միջոցառման ժամանակ մի շարք ազատամարտիկ, զինծառայող կանայք, ազատամարտիկների այրիներ պարգևատրվեցին մեդալներով, շնորհակալագրերով և նվերներով: Իսկ միջոցառմանը ներկա 90 զինվորներ նախարարի կողմից արձակուրդ ստացան:










































