«Բատկիվշչինա» կուսակցությունը հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում բուժօգնության է դիմել Կիևում ոստիկանության հետ բախումների ու փողոցային ակցիաների ավելի քան 1400 մասնակից: Այս մասին հայտնում է RBK-ն:
Ընդդիմության տվյալներով՝ գործող իշխանությունների հարյուրավոր հակառակորդներ վերջին օրվա ընթացքում ստացել են դեմքի հրազենային վնասվածքներ, դեմքի, ոտքի ու ձեռքի բեկորային վերքեր:
Ընդդիմության տվյալները խիստ տարբերվում են Կիևի քաղաքային վարչակազմի ներկայացրած տվյալներից, համաձայն որոնց՝ անկարգությունների ժամանակ բուժօգնության է դիմել բողոքի ակցիայի 122 մասնակից: Ինչ վերաբերում է տուժած իրավապահներին, ապա ՆԳՆ տվյալներով՝ բուժօգնության է դիմել 123 իրավապահ, որից 80-ը հոսպիտալացվել են:
Նշենք, որ հայտնի է դարձել հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Կիև կատարելիք այցի մասին: Եվրամիության պաշտոնյան Ուկրաինա կայցելի հունվարի 24-ին՝ երկրում տիրող իրավիճակը իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու համար:








































