Ֆրանսիայի իշխանությունները ամերիկյան Google ընկերությանը տուգանել են 150 հազար եվրոյով անձնական տվյալների անվտանգության քաղաքականության համար: Այս մասին ասվում է տվյալների մշակման և քաղաքացիական ազատությունների հարցերով Ֆրանսիայի ազգային հանձնաժողովի տարածած կոմյունիկեում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Տարաձայնություններն ամերիկյան կորպորացիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև ԵՄ մի շարք այլ երկրների միջև դեռ վաղուց էին առաջ եկել: Դեռևս 2012 թվականին, այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց իր «ամպային» ծառայություններում անվտանգության սկզբունքորեն նոր քաղաքականության ներմուծման մասին, եվրոպացի փորձագետներն անհանգստություն հայտնեցին այն փաստի առչնությամբ, որ Google-ի կողմից ընդունված կանոնները հակասում են ԵՄ օրենսդրական նորմերին:
Ֆրանսիան ևս 5 երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Նիդերլանդներ) Google-ին սպառնացել էին պատժամիջոցներով: Արդյունքում ընկերության քաղաքականությունն անցած ամռանը փոքր-ինչ փոխվել է, սակայն ֆրանսիական կողմը դրանք անբավարար է համարել: Ֆրանսիացի մասնագետների կարծիքով՝ օգտատերը նախկինի պես ոչ միշտ կարող է իմանալ, թե ինչպես են կիրառվում իր տվյլաները, և ոչ միշտ կարող է վերահսկել իրավիճակը:







































