2018թ. ապրիլին Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց հունիսին նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Հիշեցնենք, որ 2017թ. տեղի ունեցած հանրաքվեի հետևանքով Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն: Միևնույն ժամանակ երկրում դեռ գործում է խորհրդարանի հին կազմը: Էրդողանն այս կերպ փորձում է ամրապնդել իր դիրքերը և ուժեղացնել նախագահական իշխանությունը: Բացի այդ տնտեսագետների գնահատմամբ՝ ներկայում Թուրքիան գտնվում է այսպես կոչված հետաձգված տնտեսական ճգնաժամի վիճակում, որի հաղթահարումը հնրավոր է բացառապես ոչ պոպուլյար միջոցներով: Ակնհայտ է, որ նման որոշումներ ավելի լավ է կայացնել ընտրություններից հետո:
Կհաջողվի՞ Էրդողային իրականացնել իր ծրագրերը: Ինչպե՞ս կփոխվի Թուրիքայի քաղաքական ռեժիմը ընտրություններից հետո: Այս և մի շարք հարցեր քննարկել ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
Անդրադառնալով Թուրքիայիում արտահերթ ընտրություններին ՝ մեր զրուցակիցը նշեց, որ երկրի պատմության մեջ առաջիկա ընտրությունները բացառիկ են մի քանի առումով. այս ընտրություններով Թուրքիան թևակոխում է լիովին այլ դարաշրջան կամ լիովին այլ ընկալման փուլ, քանի որ երկրի նախագահը ձեռք է բերում բացառիկ մեծ իշխանություն, լիազորություն:
Այն հարցին՝ արդյոք պետք է Թուրքիայում ակնկալել նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, Մելքոնյանն ասաց. «Երկրորդ փուլն ըստ էության, կարող ենք ընկալել որպես հետընտրական զարգացում, այսինքն ամենաանցանկալի հեռանկարը, որ կարող է ունենալ Էրդողանը և իշխող կուսակցությունը կամ այդ դաշինքը, քանի որ երկրորդ փուլի պարագայում կանխատեսելի է, որ տարբեր ուժեր կմիավորվեն»:
Մելքոնյանի խոսքով՝ եթե իրադարձությունները զարգանան Էրդողանի գծած սցենարով, և նա լինի նախագահի անունով սուլթան, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ պահպանվելու են հիմնական միտումները, որոնք կան, բայց դրանց ավելանելու է ագրեսիվության ավելի մեծ չափաբաժին՝ մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը դաշինքով է գնում ընտրություններին: «Կարծում եմ Ադրբեջանի պարագայում նույն ազգայնամոլական, ռասիստական, պանթուրքիստական տենդեցներն են գերակայելու, իսկ թուրք-ռուսական հարաբերությունները, որոնք մեզ համար, թերևս, շատ մեծ կարևորություն են ներկայացնում շարունակվելու են ելևէջումներով»,-հավելեց մեր զրուցակիցը:
Մելքոնյանի կարծիքով՝ իրականում Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքական շահերը գտնվում են տարբեր բևեռներում և ամեն պահի կարող ենք ականատես լինել երկու երկրների միջև հարաբերությունների սրման:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Մելքոնյանն ասաց, որ դրանք տաիներ շարունակ նմանվում են տեղապտույտի. անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, անկախ նրանից՝ որ կուսակցությունն է հաղթում և անկախ նրանից, թե Թուրքիայում ինչ է տեղի ունենում, ըստ էության, այս հարաբերությունները մնում են կայուն բարդ, կայուն բացասական վիճակում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում






































