«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը
– Պարոն Աբգարյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ինչպե՞ս կարելի է նկարագրել: Ուշագրավ է հատկապես նրա այն հայտարարությունը, թե իրենք չեն հասցնում հայ գործընկերների հետևից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Մաքսային միությանն անդամագրվելու համար:
– Համարում եմ, որ Պուտինի այս այցը ավարտվեց Ռուսաստանի կողմից Հայաստանը «խաղաղ» անեքսիայի ենթարկելու վերջնափուլային նախնական «ոգևորիչ» արդյունքներով: Պարզվեց, որ Հայաստանի ծախու իշխանությունը, սեպտեմբերի 3-ից հետո ընկած ժամանակամիջոցում քափ ու քրտինքի մեջ մտած, գերակատարել է Պուտինի հանձնարարականները: Սյուզերենը գոհ էր, վասալը` շոյված ու աներևակայելի շնորհապարտ: Ստորագրվել են առայժմ հայ հանրությանն անհայտ ինչ-որ փաստաթղթեր, որոնցից միայն մեկի մասին կցկտուր տեղեկություն կա: Դա «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս կազմող հայկական բաժնեմասի ռուսներին հանձնելն է: Թե ինչու և ինչ պայմաններով` առայժմ, գոնե ինձ համար, դեռ մնում է անհայտ:
– Այո, երեկ հայտնի դարձավ, որ «Հայռուսգազարդ»-ին պատկանող 20 տոկոսը վաճառվել է «Գազպրոմ»-ն. սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Տեսակետներ կան, թե սա նույնիսկ անմտություն էր ռուսական կողմի համար, քանի որ 20 տոկոսն, ըստ էության, ոչինչ չի փոխում, իսկ այս կերպ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ռուսական կողմի վրա:
– Այդ «տեսակետները», թե «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս հայկական բաժնեմասի՝ ռուսների կողմից կուլ տալը «անմտություն էր», քանի որ այս պարագայում «ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ռուսական կողմի վրա, կարող են արտահայտել միմիայն քաղաքականորեն ծախու, նենգամիտ և անմեղսունակ հայ իշխանավորներն ու նրանց լաքեյները: Բայց որ դա ՀՀ իշխանության և առաջին հերթին Սերժ Սարգսյանի մտածված կերպով կատարած, մեղմ ասած, կոպիտ սխալն էր, ակնբախ է բազմաթիվ առումներով:
Ես կանգ կառնեմ ամենակարևորի վրա, որը հատկանշական է ռոբիկասերժիկական իշխանության վերջին 15 տարիների գործունեությանը Հայաստանի ունեցվածքի տնօրինման գործում: Արտառոց հակաբնական և հակաբանական երևույթ է առաջացել մեր երկրում` հանձնել, վաճառել, անժամկետ տնօրինման տալ ռուսներին, երբեմն էլ նաև այլ օտարի, այն ամենը, ինչն առաջնահերթորեն ՀՀ բյուջեի դրամական եկամուտների առաջացման կայուն աղբյուր է: Դա «արդարացվում» է իշխանությունների կողմից այն բացահայտ ստով, թե իբր օտարին անցած տնտեսական ոլորտներում և ձեռնարկություններում «խոշոր ներդրումներ» են կատարվում և «արդիականացվում» է դրանց կառավարումը: Նույնիսկ այդ պայմաններով դա անթույլատրելի է, որովհետև մենք զրկվում ենք մեր տարեկան կայուն շահաբաժնից: Իսկ ինչ վերաբերում է իշխանության վերոհիշյալ հավաստիացումներին, ապա առայժմ չենք տեսել, որ ռուսները նախապես որևէ ներդրումներ կատարած լինեն իրենց հանձնված որևէ ոլորտում կամ ձեռնարկությունում: Աննշան ներդրումներ նրանք հիմնականում կատարում են միմիայն այդ կայուն շահութաբեր ոլորտները և ձեռնարկությունները մի քանի տարի շահագործելուց հետո, այն էլ՝ միայն Հայաստանում ստացած շահույթի մի թուլաբաժնով, իսկ բացառապես քաղաքական նկատառումներով ձեռք գցած ձեռնարկություններում ոչ մի ներդրում էլ չեն կատարում: «Հայռուսգազարդի» Հայաստանին պատկանող բաժնեմասի հանձնումը Ռուսաստանին համարում եմ այն դավաճանական քաղաքականության շարունակությունը, որը սկսվեց «Հայռուսգազարդի» 148 մլն կորսված դոլարի և «գույք՝ պարտքի դիմաց» շինծու, անօրինական և հակազգային գործարքներից: Հիմա հարց եմ տալիս անձամբ Սերժ Սարգսյանին՝ ինչո՞ւ կտրեցիք Հայաստանի բյուջեն մշտապես իր շահութաբաժնով համալրող կայուն աղբյուրներից ևս մեկը` փաստորեն խլելով և օտարին հանձնելով հայաստանցի ընտանիքների առանց այն էլ աղքատիկ սեղանի վրայի հացի ևս մի կտորը: Նկատի ունեցեք՝ դուք արդեն այդ ընտանիքների նզովքի տակ եք, և երբ գա պատասխան տալու ժամանակը, ո՛չ մի Պուտին ձեզ չի օգնի: Հրաժարական տվեք անմիջապես, որով ինչ-որ չափով կմեղմեք ժողովրդական ահարկու զայրույթը, վաղը ուշ կլինի:
– Չնայած իշխանությունների համառ ջանքերին՝ Պուտինի այցին ընդառաջ բողոքի ակցիաներն, այնուամենայնիվ, տեղի ունեցան, որն ուղեկցվեց ոստիկանության չափից դուրս ագրեսիվ և բռնի գործողություններով: Սա կարելի՞ է համարել ադեկվատ Մաքսային միությանն անդամագրվելու ֆոնին, չէ՞ որ այդ միության անդամ երկրներում հենց այդպես էլ վարվում են՝ մասսայական ձերբակալություններ, ուժի կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ և այլն:
– Անտարակույս, դա պատիվ բերեց հատկապես մեր երիտասարդությանը, որը, փառք Աստծո, հասկացել է, թե ինչ են ազգային շահերը և ազգային արժանապատվությունը, և թե ինչպես պիտի պաշտպանել դրանք: Ակնհայտ է, որ Պուտինի հանձնարարականների մեջ է եղել նաև Հայաստանի ծախու իշխանություններին «վճռական» գործողությունների մղելը իրենց հակառակորդների դեմ: Սեպտեմբերի 3-ից հետո դա շատ ակնառու էր` տարաբնույթ ցուցարար խմբերին արդեն ոստիկաններից ոչ մեկը չէր առաջարկում միասին, ասենք, Ծիծեռնակաբերդ այցելել: Նրանք «աշխատում էին» շատ ավելի կոպիտ ու անհարգալի և որ կտրականապես անթույլատրելի է` ձեռքերին ազատություն էին տվել: Պուտինի այցելությանը խաղաղ ընդվզողների դեմ նրանք այնպես էին «պայքարում», կարծես թե պայքարի էին ելել սրբապղծության դեմ, ուղեղները լրիվ անջատել էին: Անտարակույս, նրանց այդ վարքագիծը սկսում է համընկնել ռուսական ավանդական ժանդարմերիայի և կենտրոնասիական խանական «իրավապահ» հորդաների բռնակալական գործելակերպին:








































