Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով հիշեցրեց, որ «Ժառանգություն»-ը բազմիցս ասել է, որ ՀՀ-ն պետք է լինի եվրոպական ընտանիքի անդամ:
«Զարմանալի է լսել, որ ոչինչ չի եղել, քանի որ մեծ բան է եղել, իսկ Վիլնյուսում ամրագրվելու է մեկ փաստ, որն ամրագրվեց սեպտեմբերի 3-ին ՀՀ-ից դուրս կայացված որոշմամբ, այն է՝ մենք իրավունք չունենք ընտրելու մեր երկրի հեռանկարը, մեր գործընկերներին, մեր ապագան: Սա է հիմնական մեսիջը, որը թողել է սեպտեմբերի 3-ի հայտարարությունը:
Այս առումով ուզում եմ հատուկ ասել, որ հայտարարում են, թե երկրի քաղաքական և տնտեսական ճանապարհները տարբեր են: Չի կարող այդպես լինել: Ո՞վ կարողացավ հիմնավորել, թե ինչ է ստանալու ՀՀ-ն ՄՄ-ից, որևէ մեկը չկարողացավ ասել, թե ինչն է լինելու տնտեսական շահը»,- ասաց նա:
Ապա անդրադառնալով Նաիրա Կարապետյանի հորդորներին՝ թեմային չխառնել ԼՂ հակամարտությունը, ասաց, որ ՀՀԿ-ն է խոսել ԼՂ-ի մասին, և իրենք քննարկում են այն, ինչ առաջարկում է ՀՀԿ-ն:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































