80 տարեկանում վախճանվել է միլիարդատեր, բարեգործ Ջոն Հանթսմանը՝ Ռուսաստանում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Ջոն Հանթսմանի հայրը: Հանթսման ավագը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, փետրվարի 2-ին: Ջոն Հանթսման ավագը մորմոն է, Յութա նահանգի ամենահաջողակ և ազդեցիկ գործիչներից էր: Նրա հիմնադրած Huntsman կորպորացիան այժմ գնահատվում է 11 միլիարդ դոլար: Հանթսմանը և նրա ընտանիքը բարեգործական նպատակներով ծախսել են ավելի քան 1․4 միլիարդ դոլար: Հանթսմանները բարեգործական խոշոր նախագծեր են իրականացրել նաև Հայաստանում՝ երկրաշարժից տուժած շրջաններում կյանքի կոչելով մոտ 18 միլիոն դոլարի օգնության ծրագրեր: Հանթսմանների ընտանիքի միջոցներով Գյումրիում բնակելի շենքեր և հանրակրթական դպրոց է կառուցվել, 1993-94 թվականների դաժան ձմռան ամիսներին Հայաստան պարեն և վառելիք է հասցվել։ Հանթսմանի հիմնադրամը Յութայի համալսարանում հայաստանցի ուսանողների համար տեղեր է հատկացրել։

«Ես հայ չեմ, բայց դա նշանակություն չունի, երբ խոսքը բարեգործության և մարդասիրության մասին է, դու գույներ այլևս չես ճանաչում», – մի առիթով ասել է Ջոն Հանթսման ավագը: Հանթսմանը հատուկ ջերմ հարաբերություններ ուներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այդ օրերի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ըստ շրջանառվող լուրերի` Քոչարյանը նույնիսկ մտադիր է եղել հայտնի մորմոնին շնորհել ազգային հերոսի կոչում, սակայն նրա այդ մտադրությունը միանշանակ չի ընկալվել անգամ իշխանության վերնախավում:
Ի վերջո, նրան շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Ջոն Հանթսման ավագը նաև Գյումրիի պատվավոր քաղաքացի է: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի սկանդալներից մեկն անմիջականորեն կապված է Հանթսմանի անվան հետ: 1998-ի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանն առաջին սանգամ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` ՄԱԿ: Նյու Յորք պետական առաքելությունն ավարտելուց հետո Քոչարյանը մասնավոր այցով, առանց ուղեկցողների, մեկնել է Յութա, Հանթսմանին հյուր: Սա աննախադեպ երևույթ է պետական արարողակարգի տեսանկյունից, բայց նաև հարուցել էր մեր եկեղեցու խիստ դժգոհությունը, որովհետև Քոչարյանը հյուրընկալվել էր ոչ թե սովորական միլիարդատիրոջ կամ Հայաստանի բարեկամի, այլև` մորմոնների առաջնորդին: Սակայն այդպիսին էր Ռոբերտ Քոչարյանը. նա սիրում էր բոլոր հարուստներին` անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից: 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը մտադրվել էր իր ժառանգորդ դարձնել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` Վարդան Օսկանյանին:
Ըստ հավաստի տեղեկությունների` Օսկանյանի հաղթաթղթերից մեկը եղել է Հանթսմանի հետ մտերմությունը: 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, համոզիչ հաղթանակ տարավ, Օսկանյանի նախագահության թեման փակվեց, բայց սրանով Հանթսմանի ու ԱԳ նախկին նախարարի առնչությունները չվերջացան: «Հանթսման ինթերնեյշընլ»-ը Հայաստանում նաև բետոնային կոնստրուկցիաների գործարան էր կառուցել՝ աղետի գոտու ավերված բնակավայրերի վերականգնմանը նպաստելու համար: Այդ գործարանն ավելի ուշ վաճառվել էր, իսկ վաճառքից ստացված գումարներից ավելի քան 1 միլիոն դոլար նվիրաբերվել էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործարքում հանցակազմ էր գտել, ու 2012 թվականին փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, որն ավելի ուշ կարճվեց: Սակայն այս քրեական գործը նշանավորեց Օսկանյանի քաղաքական մայրամուտը: Հանթսմանի անունն` այսպիսով, կապված է Հայաստանի վերականգնման մի շարք ծրագրերի, բայց նաև` Քոչարյան – Օսկանյան զույգի ստվերային քաղաքական ծրագրերի հետ:






































