Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը Ոստիկանության գործն է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:

Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով:

Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:

Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում:

Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն:

Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների և դատավորների դերակատարումը: Բայց քննիչները և նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք:
Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների և անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք և համապատասխան հետևություններ անեք:

Հարգելի՛ գործընկերներ,

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու:

Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների և ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է և երբևէ որևէ օգուտ տալ չի կարող: Նման երևույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների:
Կարծում եմ՝ այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձևը միմյանց հետ շաղկապված երկու երևույթների համաժամանակյա ապահովումն է: Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել:

Որևէ համակարգի ներսում նման երևույթների դեմ պայքարն առաջին հերթին հենց տվյալ համակարգի առողջության վկայությունն է: Դուք կարող եք և պետք է անաչառ և ազնիվ գնահատեք աշխատանքում թերացած ծառայողի վարքագիծը՝ դրանով իսկ փարատելով համակարգում թողտվության վերաբերյալ հնարավոր կասկածները: Օրենսդրությամբ դրա համար ձեզ տրամադրվել են բոլոր անհրաժեշտ գործիքները:

Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,

Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մեջ:
Խոսքս նախ և առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: Ավանդաբար դատախազները եղել և մնում են քննիչների առաջնային գործընկերները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս համագործակցության ձևից ու բովանդակությունից է կախված մինչդատական վարույթի, իսկ երբեմն՝ նաև ողջ քրեական գործի արդյունքը:

Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարևոր է պետության համար էական նշանակություն ունեցող և իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը և այլն:

Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Սա չի նշանակում, որ օպերատիվ հետախուզական մարմինների գործունեությունը փորձում եմ թերագնահատել կամ նրանցից պատասխանատվությունը հանել:
Որքան արագ և գրագետ տրվեն քննիչի հանձնարարությունները, այնքան արդյունավետ և ճշգրիտ կկատարվեն համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները: Ոստիկանության հետ ակտիվ համագործակցության հիմնական թիրախներից մեկն էլ հետախուզվող անձանց հայտնաբերումն է, ինչը հանցավորության դեմ պայքարում դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սևեռել, ընդ որում՝ երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ Քննչական կոմիտեի նախագահն ասաց, ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում՝ հանրապետությունից դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետև դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձևը դրանց բացահայտումն է ամբողջությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում