ԱՄՆ-ն այս տարի նավթի ու գազի ընդհանուր արդյունահանման ծավալով առաջ կանցնի Ռուսաստանից և կդառնա այդ ցուցանիշով համաշխարհային առաջնորդ: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Պարբերականը, որը հղում է անում իր ստացած տվյալներին, չի բացառում նույնիսկ, որ դա արդեն տեղի է ունեցել:
«Վերջին 5 տարում ԱՄՆ-ի կողմից բնական գազի ներկրումը նվազել է 32 տոկոսով, նավթի հումքինը՝ 15 տոկոսով,- նշում է թերթը:- Եվ քանի որ ԱՄՆ-ը էներգիայի այդքան խոշոր սպառող է, նավթի ու գազի սեփական արդյունահանման ընդլայնումը հասանելի է դարձրել էներգակիրների մեծ ծավալ նաև այլ գնորդների համար»:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ անցած տարի ԱՄՆ-ում 1982 թվականից ի վեր առաջին անգամ արդյունահանվել է ավելի շատ բնական գազ, քան Ռուսաստանում: Ինչպես նշում է թերթը, ռուսական գազի արտահանման աճին խոչընդոտում են այդ շուկայում մրցակցության ուժեղացումն ու անկումը եվրոպական շուկայում:
ԱՄՆ-ում էներգակիրների արտադրությունն աճել է շնորհիվ Տեխաս և Հյուսիսային Դակոտա նահանգների հանքավայրերում նավթի արդյունահանման ընդլայնման, ինչպես նաև բնական գազի արդյունահանման նորագույն տեխնոլոգիաների կիրառման:





































