ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այսօր երկու երգիչների հարսանեկան արարողությունն է: Այսօր, այս պահին իրենց միությունն են տոնում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը, ում պսակադրության արարողության մասին մամուլն արդեն մեկ տարի գրում է:
Մինչ երաժշտական զույգը վայելում է ուրախության տոնը «Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվիստները «Ես եմ Վահե Ավետյանը» վերտառությամբ պաստառներով բողոքի լուռ ակցիա են անցկացնում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ:
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը բարձրախոսով հայտարարում է, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում և խախտում հանրային տարածքում իրենց լուռ բողոքի ակցիան անցկացնելու իրավունքը: Րոպեներ առաջ տասնյակ ոստիկաններ Գարեգին Չուգասզյանին և մյուս ակտիվիստներին փորձում էին հեռացնել «Հարսնաքարի» տարածքից, ինչը նրանց հեշտությամբ հաջողվեց: Ոստիկանները վայրկյանների ընթացքում կարողացան ակտիվիստներին հեռացնել «Հարսնաքարի» հանրային տարածքից:
Ավելի վաղ Գարեգին Չուգասզյանի հետ բանակցությունների ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրինությունն իրենց է դիմել խնդրանք-պահանջով` ապահովել մի քանի հարյուր քաղաքացիների անվտանգությունը, որոնք ռեստորանային համալիրի տարածքում մասնակցելու են հարսանեկան արարողությանը: Վալերի Օսիպյանը նաև ասել էր, որ ոստիկանությունը թույլ չի տա «հարամել գեղեցիկ արարողությունը»: Այս պահին «Հարսնաքարի» դիմացի մայթին քաղաքացիները կանգնել են վեր պարզած պաստառներով՝ շրջապատված ոստիկանության տասնյակ աշխատակիցներով:
Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն ասաց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, որտեղ արյուն է թափվել, հարսանիք կազմակերպելն ապտակ է ողջ ժողովրդին: Չէ՞ որ «Հարսնաքարում» ծեծելով հայոց բանակի սպա են սպանել: Նրա կարծիքով՝ հանրությունը պետք է բոյկոտի և չայցելի «Հարսնաքար», որն էլ կհանգեցնի նրան, որ համալիրը կփակվի և կդադարեցնի իր գործունեությունը:
Լուսանկարները` PanARMENIAN Photo-ի









































