Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Համլետ Գ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Համլետը 2015 թվականի մարտի 19-ին իր ընկերուհու բնակարանում, վերջինիս գունավոր լազերային տպիչի միջոցով պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ 1000 դրամանոց, 4 հատ 5 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ:
Հաջորդ օրը՝ 2015 թվականի մարտի 20-ի ուշ երեկոյան, Համլետն ընկերոջն առաջարկել է գնալ մարմնավաճառի մոտ ու զվարճանալ:
Երիտասարդները գնացել են Բագրատունյաց պողոտա:
Մոտեցել են մարմնավաճառությամբ զբաղվող Էլմիրա Խ.-ին ու պայմանավորվել են, որ նա 25 հազար դրամով սեռական հարաբերություն կունենա երկու երիտասարդի հետ: Ընդ որում՝ այդ գումարի մեջ մտնում էր նաև հյուրանոցի սենյակի վարձը:
Պայմանավորվելուց հետո եռյակը շատ հեռու չի գնացել, ոտքով քայլել են մի քանի մետր ու հայտնվել են Չեխովի 30 հասցեում գործող «Բաղնիք» հյուրանոցում:
Ճանապարհին Համլետը 4 հատ 5 հազարանոց ու 5 հատ հազարանոց կեղծ թղթադրամները տվել է մարմնավաճառուհուն: Վերջինս թղթադրամները անփութորեն դրել է պայուսակի մեջ:
4 հատ կեղծ հազարանոց թղթադրամները Համլետը պահել է իր մոտ:
Հյուրանոցում սենյակ են վերցրել: Մատուցողուհին պահանջել է, որ սենյակի վարձը վճարեն սկզբից:
Մարմնավաճառուհին իրեն տրված կեղծ թղթադրամների միջից հանել մի հինգ հազարանոցը:
Համլետն անմիջապես մարմնավաճառուհու ձեռքից վերցրել է թղթադրամը, անձամբ է մոտեցել դռան մոտ կանգնած մատուցողուհուն:
Սենյակում գտնվող մարմնավաճառուհին և Համլետի ընկերը լսել են մատուցողուհու ձայնը, ով ասել է՝ ի՞նչ փող եք տալիս, սա կեղծ է:
Մարմնավաճառուհին անմիջապես հանել է իր մոտ եղած թղթադրամները՝ քսան հազար դրամ ընդհանուր գումարը, և տեսել է, որ իր մոտ եղած թղթադրամներն էլ են կեղծ՝ դրանք պաշտպանիչ ժապավեն չեն ունեցել:
Համլետը նրանց ասել է, թե ինքն էլ է խաբվել, այդ թղթադրամները, իբր, իրեն տվել են բուքմեյքերական գրասենյակում:
Երբ դուրս են եկել հյուրանոցից, Համլետն ու մարմնավաճառուհին «պատահաբար» հանդիպել են նաև փողոցում, իսկ քիչ անց նրանց են մոտեցել ոստիկաններն ու երկուսին էլ բերման են ենթարկել ոստիկանություն:
Համլետ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ իսկական փողով՝ 1 միլիոն դրամով…
Դատարանում հարցաքննվեց հյուրանոցի մատուցողուհի Գայանեն, ով ասաց, որ արդեն մեկ ամիս այդ հյուրանոցում չի աշխատում: Նա ասաց, որ ամբաստանյալի դեմքը դեպքի հետ կապված չէր մտապահել, նրան ավելի շատ հիշում է նախաքննության ժամանակ կատարված առերեսումից:
Մատուցողուհին նշեց, որ ինքը բավական ժամանակ այդ աշխատանքին է եղել ու առաջին անգամ է կեղծ փող տալու հետ առնչվել: Հիմա անգամ խանութում, երբ իրեն մանր են վերադարձնում, ինքը ստուգում է: Դրա հետ միասին մատուցողուհին ասաց, թե ինքը չէր կարող տարբերել՝ կե՞ղծ փող է արդյոք երիտասարդի ձեռքին, քանի որ փողի կեղծն ու իրականը բոլորովին չի տարբերում, թղթադրամի վրա միայն թվերին է ուշադրություն դարձնում:
Վկան նշեց, որ ինքը գիշերային հաճախորդներին առաջնորդել է սենյակ, բացել է դուռը, ներս չի մտել, շեմքից հարցրել է՝ խոհանոցից օգտելո՞ւ են, և իմանալով, որ չեն օգտվելու, պահանջել է սենյակի վարձը՝ հինգ հազար դրամը անմիջապես վճարել:
Ամբաստանյալի տեղում նստած երիտասարդը փորձել է համոզել, որ հետո վճարեն՝ հյուրանոցից հեռանալուց առաջ, ասել է, թե կզանգի, գումար կբերեն, բայց ինքը չի համաձայնել, քանի որ քիչ չէին դեպքերը, երբ գիշերային այցելուները փախել են՝ սենյակի վարձը չվճարելով:
Մատուցողուհին ջանում էր այնպիսի ցուցմունք տալ, որ ինչ-որ չափով համահունչ լինի Համլետի պաշտպանական տակտիկային, դրա համար էլ նա, ցույց տալով, թե Համլետը ինչպես է մոտեցել իրեն՝ թղթադրամը ձեռքին, նախ ցույց տվեց բաց ափը, հետո գնալով՝ ափը փակվեց, վերջում տպավորություն առաջացավ, թե Համլետը նրան մոտեցել է՝ կեղծ թղթադրամը փակ բռի մեջ, բայց մատուցողուհին փակ բռի մեջ էլ նկատել է, որ մեկ օր առաջ «տպված» փողը ճմռթված, լղոզված էր, ասես՝ լվացած լինեին հագուստի գրպանում:
Մատուցողուհին պնդում էր, որ համարյա թե առանց թղթադրամը տեսնելու՝ հրաժարվել է վերցնել այն՝ միայն նրա «ճմռթված ու լվացված» լինելու, այլ ոչ թե կեղծ լինելու պատճառով, ինքը չէր կարող հասկանալ՝ թղթադրամը կե՞ղծ է, իսկ թե ինչո՞ւ են մարմնավաճառուհին ու Համլետի ընկերը նման արտահայտություն վերագրում իրեն, ինքը չգիտի…
Այս վկայի տված ցուցմունքների արժանահավատության գնահատականը կտա դատարանը:
Առավել հետաքրքիր էր ամբաստանյալի՝ Համլետի ցուցմունքը: Նրա պաշտպանությունը կառուցված է այն պնդման վրա, որ ինքը ոչ թե կեղծ փող է իրացրել, այլ փորձել է «պատժել» մարմնավաճառուհի Էլմիրային:
Ըստ Համլետի՝ դեպքից մի քանի օր առաջ ինքը ցանկացել է օգտվել մարմնավաճառուհու ծառայություններից: Գնացել է Բագրատունյաց պողոտա, մոտեցել է մարմնավաճառուհի Էլմիրային:
Վերջինս իր ծառայությունների համար շատ մեծ գումար է պահանջել՝ 10 հազար դրամ: Իր մոտ բավական քիչ գումար է եղել, ինքը Էլմիրային առաջարկել է իր մոտի գումարով բավարարվել, բայց մարմնավաճառուհին խոսել է վիրավորական, նույնիսկ արհամարհական տոնով:
Համլետն իր արժանապատվությունը խոցված է համարել, չի օգտվել մարմնավաճառուհու ծառայություններից, բայց որոշել է «պատժել» նրան, «քթից բերել»:
Որպես առավել հարմար «ինքնադատաստանի» ձև՝ Համլետը որոշել է… կեղծ փողով վճարել նույն մարմնավաճառուհուն՝ օգտվելով նրա ծառայություններից:
Դեպքից մեկ կամ երկու օր առաջ ընկերուհու տանը, երբ մենակ էր համակարգչի մոտ ու պետք է աշխատեր դիպլոմայինի վրա, Համլետը միանգամից որոշում է կայացրել պատճենահանման միջոցով գունավոր տպիչով կեղծ փող պատրաստել:
Նա պատճենահանել է 4 հատ 5 հազարանոց և 9 հատ 1000 դրամանոց թղթադրամներ:
Ըստ Համլետի՝ ինքը միայն պատճենահանել է, փողը իսկականի նման դարձնելու այլ գործողություններ չի կատարել:
Երևանյան համալսարաններից մեկի ավարտական կուրսում սովորող, դիպլոմային աշխատանք պատրաստող, միաժամանակ նաև բանկերից մեկի անվտանգության համակարգում աշխատող 25-ամյա երիտասարդի մտքով չի էլ անցել, փաստորեն, որ փող պատճենահանելով, այդ ոչ իրական թղթադրամներով թող որ՝ մարմնավաճառուհուն վճարելով՝ ինքը, հնարավոր է, հանցավոր արարք է կատարում, պատժում է ոչ թե մարմնավաճառուհուն, այլ՝ ինքն իրեն, դեռ ընկերուհուն ու ընկերոջն էլ՝ վերադիր, քանի որ մեկի տանը համակարգիչն էր օգտագործել «փող տպելու համար», իսկ մյուսին իր հետ տարել էր մարմնավաճառուհուն կեղծ փողով «պատժելու»…
Համլետն ասաց, որ ինքը շատ վիրավորված էր մարմնավաճառուհուց, առաջին հանդիպման ժամանակ ինքը նրա հետ նորմալ էր խոսել, բայց Էլմիրան, մարմնավաճառ լինելով՝ դիմացինի հետ խոսել էր՝ որպես «աղբի». «Ինքը ո՞վ էր, մարմնավաճառ էր, ինքը ոչ մեկն էր…»,- ասաց Համլետը…
Դատախազը Համլետին հարցրեց՝ եթե մարմնավաճառուհին իր ծառայությունների համար 10 հազար դրամ է պահանջել, միմիայն նրան «պատժելու» նպատակ հետապնդող երիտասարդը ինչո՞ւ միայն 10 հազար դրամ չի պատճենահանել, այլ՝ «առատաձեռնորեն» 29 հազար արժողության կեղծ դրամ է պատրաստել:
Դատախազի հարցը դուր եկավ Համլետին, նա գնահատեց այն՝ ասելով. «Լագիչնի հարց եք տալիս… Ես փողը տպելիս չեմ կենտրոնացել, թե ինչքան եմ տպում: Երբ վերջացրել եմ, հաշվել-տեսել եմ՝ 29 հազար է: Ես կեղծ փողի կարիքը չունեի, ես կարող եմ իմ գումարը աշխատանքով վաստակել… Տաա՜կս… Պա լոգիկե՝ եթե մարմնավաճառը 10 հազար դրամ էր պահանջել, մտածել եմ՝ մի 10 հազարով էլ… աղայություն կանեմ… Իսկ մնացած 9 հազարով աղբարկղին պիտի աղայություն անեի… Բացի դրանից՝ ես վստահ չէի, որ երկրորդ հանդիպմանն էլ մարմնավաճառուհին նույն գումարը կուզի… Մարմնավաճառից ամեն բան սպասելի է… Ավել փող եմ տպել զուտ նրա համար, որ չհասնեմ էնտեղ ու փողս նորից քիչ դուրս չգա… Իմ արածի մեջ հնարավոր է՝ տրամաբանություն չկար… Ես էն հույսով էի, որ հյուրանոցի սենյակի համար 3 հազար դրամ կուզեն, ես իմ մոտի իսկական փողից կվճարեմ… Քաղաքի կենտրոնում լիքը օբյեկտներ կան, որտեղ սենյակը երեք հազարով են տալիս…»:
Դատարանը հետաքրքրվեց, թե կենտրոնի այդ ո՞ր հյուրանոցներն են երեք հազարով սպասարկում մարմնավաճառուհիների հետ հանդիպողներին: Ամբաստանյալը փորձեց մտաբերել մի հյուրանոց, որը Կորյունի փողոցում է՝ բժշկականի դիմաց: Ամբաստանյալի հայրը դահլիճից որդուն սթափեցրեց՝ ասա՝ չգիտեմ, ասա՝ չգիտեմ…
Դատախազը նշեց, որ գործի շրջանակներում հարցաքննվել են Չեխովի փողոցի «Բաղնիք» հյուրանոցի աշխատողները և… այդպես էլ չի հիմնավորվել, որ տվյալ հյուրանոցը իր գործունեությամբ նպաստել է մարմնավաճառների աշխատանքին… Իսկ հյուրանոցի մատուցողուհին դատարանում ասաց, թե դեպքի գիշերը շատ այցելուներ ունեին, ինքը խիստ զբաղված էր, բոլորին սպասարկում էր արագ-արագ…
Ամբաստանյալ Համլետն ասաց. «Ես մատուցողին չէի կարա ֆարշ փող տալ, ինքը անմեղ մարդ էր… Իմ նպատակը մենակ Էլմիրան էր… Բայց ամեն բան հակառակ գնաց… էդ պահին էդպես ստացվեց…»:
Համլետը ներկայացրեց, որ ինքը Էլմիրայից վերցրել է կեղծ հինգ հազար դրամը, բռի մեջ պահած՝ մոտեցել է դռան մոտ սպասող մատուցողուհուն այն նպատակով, որ կեղծ փողը նրան չտա: Համլետը ցույց տվեց, թե ինչպես է փակ բռի մեջ պահել կեղծ փողը. «Փողի ¼-ն էր երևում, չգիտեմ, թե մատուցողուհին ինչից ենթադրեց, որ այն ճմռթված է կամ լղոզված…»:
Ըստ ամբաստանյալի՝ երբ երկու հոգու սպասարկելու համար մարմնավաճառուհուն տվել է 25 հազար կեղծ դրամ, չի պայմանավորվել, որ դրանից 5 հազարով վճարվելու է հյուրանոցի սենյակի համար: Թե ինչու է մարմնավաճառուհին այդպիսի ցուցմունք տվել նախաքննության ժամանակ ու դատարանում, ամբաստանյալը չկարողացավ բացատրել: Միաժամանակ չկարողացավ բացատրել, թե ինչու ինքը հարցեր չի տվել «ոչ ճիշտ» ցուցմունք տվող մարմնավաճառուհուն…
Համլետը նշեց. «Հյուրանոցի վարձը ուզում էի թողնել մարմնավաճառուհու վրա: Մենք կհեռանայինք, նա կվճարեր մեր տված փողով, որը չէին վերցնի, նա ստիպված կվճարեր իր գրպանից…»: Միգուցե սա՞ էր Համլետի ծրագրած «պատիժը»: Բայց իր արարքով Համլետը մարմնավաճառուհու «քթից բերել» չի կարողացել: Նրա մտահղացած «պատիժը» հիմա իր «քթից կարող է բերվել», քանի որ նրան մեղսագրված հոդվածով նախատեսվում է 3-ից 7 տարի ազատազրկում… Նա՝ համարյա բարձրագույն կրթությամբ, ըստ բնութագրի՝ «լավատես ու օրինակելի» երիտասարդը հայտնվել է փոս փորողի ու փոսն ընկնողի վիճակում…
Գործի քննությունը աստիճանաբար մոտենում է դատական վիճաբանություններին:








































