Ֆրանսիական ձեռնարկությունները կմասնակցեն ռուսական Sukhoi Superjet-100 (SSJ-100) ուղևորատար ինքնաթիռի արդիականացման նախագծին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում լրագրողներին ասել է «Լե Բուրժե» ավիատիեզերական սրահի նախագահ Էմիրիկ Դարսիմոլը:
Ֆրանսիացի և ռուս ավիաշինարարների համագործակցության նախագծի մանրամասները Դարսիմոլը չի նշել:
Փետրվարին Միավորված ավիաշինարարական կորպորացիայում հայտարարել են, որ Ռուսաստանում կարող է հայտնվել ավիաընկերություն, որը Sukhoi Superjet-100 ինքնաթիռները կօգտագործի բիզնես-տարբերակով: «Սուպերջեթի» այդ տարբերակը սկզբունքորեն տարբերվում է ինքնաթիռի կոմերցիոն տարբերակից առաջին հերթին՝ օդանավի չափով:
SSJ-100-ի խոշորագուն պատվիրատուներից մեկը «Աերոֆլոտն» է: 2005թ. ավիափոխադրողը ստորագրել է 30 ինքնաթիռների պայմանագիր, ներկայումս փոխադրողն ունի 16 հատ SSJ-100 ինքնաթիռ:
Sukhoi Superjet-100-ի կոմերցիոն տարբերակը կարող է փոխադրել 75-95 ուղևոր 2900-4550 կմ հեռավորության վրա: Առաջին թռիչքն ինքնաթիռն իրականացրել է 2008թ. մայիսի 19-ին: