«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
– Պարոն Բաղդասարյան, Ձեր տպավորությամբ` սահմանային գոտի կատարած ձեր այցերը ոգևորո՞ւմ էին զինվորներին:
– Ավելի քան՝ գոտեպնդեցին: Բայց ես ավելի շուտ կարող եմ ասել, որ նրանց տրամադրությունը տեսնելով՝ մենք գոտեպնդվեցինք: Նրանք շատ մարտական էին տրամադրված, և այն ոգին, որ նկատեցինք զինվորների ու բնակչության մոտ, բավականին հուսադրող էր: Եվ եթե կասկածներ կային, թե ներկայիս սերունդը չի կարող գոտեպնդվել նման պայմանների համար, կիսապատերազմական վիճակի համար, այ դրանք փարատվեցին: Իրենք էին մեզ գոտեպնդում, թե ամեն ինչ լավ է, դուք մեր թիկունքը լավ պահեք, և մենք այստեղ խնդիրներ չենք ունենա: Դա միայն իմ կարծիքը չէր, բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս էլ սահմաններից վերադարձանք նույն բարձր տրամադրությամբ:
– Այսինքն` պատվիրակության մոտ թերահավատություն կամ ընկճվածությո՞ւն կար, որ սահման այցելելով գոտեպնդվեցին:
– Ո՛չ: Հետաքրքիրն այն է, որ միշտ էլ եղել է այն խոսակցությունը, թե 90-ական թվականների և այս սերնդի մեջ կարող է ինչ-որ տարբերություն լինել: Այն ժամանակ ամբողջ ազգն էր ոգեշնշված, բայց մենք ականատես եղանք այն բանին, որ ներկա սերունդը նախորդին որևէ բանով չի զիջում: Եվ շատ հետաքրքիր էր, որ դիրքերում փորձառուները՝ նախորդ սերնդի ներկայացուցիչները, այդ թվում և` ազատամարտիկները կողք կողքի՝ մեկը մյուսին լրացնում էին: 18-20 տարեկան զինվորները և 40-50 տարեկան ազատամարտիկները իրար հետ մի ընտանիքի նման կանգնած էին, և նրանց գերագույն նպատակը մեկն էր, որ կարողանան միասնական կերպով անաղարտ պահել մեր սահմանները: Դա արդեն ոգեշնչող և տրամադրող էր:
– Իսկ ձեզ ինչո՞ւ էր անհրաժեշտ ոգեշնչվել:
– Պարզապես ասելու ավելի շատ բան ունենք: Եվ բոլորին բաց ճակատով ասում ենք, որ մեր երիտասարդությունն ընկճվող չէ, մեր երիտասարդությունը մարտական է: Երբ հարցնում էինք, թե ինչպես եք ձեզ զգում, նույնիսկ եղան նման արտահայտություններ, թե անհամբեր սպասում ենք գիշերվան, թե երբ պետք է հակառակորդը գա, բայց չի գալիս: Եվ չկար մեկը, որ անտրամադիր լիներ, չկար վախի զգացում: Իրենք հասկանում են, որ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարում:
– Հաճախ են կարծիքներ հնչում, թե եթե նորից պատերազմ սկսվի, մարդիկ նախկինի նման ոգևորված կամ ինքնաբուխ չեն գնա սահման պաշտպանելու: Նման տրամադրություններ չնկատեցի՞ք:
– Ես հակառակը կասեմ՝ մեր այցերի ժամանակ համոզվեցինք, որ հին ազատամարտիկները և գյուղի բնակիչները պատրաստ էին ցանկացած ժամանակ մասնակցել առաջին գծի բոլոր իրադարձություններին: Ես զգացի, որ բոլորը ոգեշնչված են իրենց հողը, իրենց տունը պահելու համար:
– Իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչները կամ զինվորները չասացի՞ն` թող պաշտոնյաների երեխաններն էլ իրենց նման հավասար սահմանը պաշտպանեն: Չէ՞ որ շատ են հնչում հարցադրումներ, որ պաշտոնյաների զավակները չեն ծառայում, սահմանամերձ դիրքեր են գնում շարքային քաղաքացիների զավակները: Եվ եթե դիվերսիա կամ կանոնադրական խախտումներ են լինում, ապա տուժում են միայն շարքային քաղաքացիների երեխաները:
– Նմանատիպ որևէ հարց չի եղել: Համենայնդեպս, այնտեղ երիտասարդների մեծ մասի ծնողները նաև չինովնիկներ էին, և նման տիպի խնդիրներ չկային: Եվ նրանք այն կարծիքին էին, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն: Մենք էլ էինք այդ կարծիքին:
– Նշեցիք, թե զինվորները ձեզ ասում էին, թե իրենք սահմանը կպաշտպանեն, դուք իրենց թիկունքը լավ պահեք: Ձեր կարծիքով` Հայաստանի իշխանությունները կարողանո՞ւմ են այստեղ սահմանը պաշտպանող զինվորի թիկունքը պինդ պահել:
– Այո, այո: Ես համոզված եմ, որ ի դեմս մեր իշխանության՝ զինվորի թիկունքն ամուր է:
– Բայց չէ՞ որ մեր երկրում աղքատության մակարդակն է բարձր, արտագաղթն է ավելանում, սահմանային գյուղերն են դատարկվում: Այսինքն` սահմանը պահող նույն զինվորների ընտանիքներն են աղքատ, նրանց հարազատներն են արտագաղթում, նրանց գյուղերն են դատարկվում:
– Արտագաղթ եղել է բոլոր ժամանակներում, եղել է նաև ներգաղթ: Ինձ թվում է, որ պետք չէ մեկը մյուսի հետ կապել: Ես խորհուրդ կտամ, որ լրատվամիջոցները նման արտահայտություններով, նման ձևերով չփորձեն շահարկել: Ինձ թվում է, որ դա ավելի շուտ տեղեկություն է մեր հակառակորդի համար: Ինձ թվում է, որ խնդիր առաջանալու դեպքում մեզ մոտ ավելի շատ ներգաղթ կլինի, և տարբեր երկրներից մեր հայրենակիցները պատրաստակամ են իրենց հայրենիքը պաշտպանելու:
– Գագիկ Եգանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, թե «Հայաստանում տարեկան կտրվածով 20 տոկոս արտագաղթ կա»:
– Մարդիկ գնացել են աշխատանք փնտրելու, աշխատելու և վերադառնալու պայմանով, ես դա չեմ ժխտում:
– Խոսքը արտագաղթի, ոչ թե գնալ-վերադառնալու մասին է: Նա ասում էր, որ վեջին տարիներին գնացողները վերադարձողներից 20 տոկոսով ավելի շատ են:
– Արտագաղթ բոլոր երկրներում էլ կա: Իհարկե, մենք ցավով ենք վերաբերվում դրան: Եվ պետք է աշխատենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ կարողանանք կրճատել այդ արտագաղթը: Մենք չենք ասում, որ այստեղ ամեն ինչ լավ է, և արտագաղթ չկա, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, առավել ևս՝ սահմանամերձ գոտիներում:
– Մամուլում քննարկման առարկա դարձան վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի նոր ձեռք բերված ծառայողական թանկարժեք, շքեղ մեքենաները: Նրանք սահման են գնում այդ մեքենաներով կամ շքեղ ուղղաթիռներով: Արդյոք զինվորների կամ սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ հիասթափություն չկա՞ր, որ բյուջետային փողերը նման շքեղությունների վրա ծախսող պաշտոնյաները գալիս են իրենց գոտեպնդելու` այն դեպքում, երբ նրանցից շատերը աղքատ պայմաններում են գտնվում:
– Դուք հաշվեք, թե ավելի շատ ծախս է լինում, երբ ուղղաթիռո՞վ են գնում, թե՞ մեքենաներով: Մենք ուղղաթիռով ավելի արագ ենք գնացել ու ավելի շատ դիրքերում ենք եղել: Երբ գնում ենք, ասում եք, թե ինչու էիք գնացել: Չենք գնում, ասում եք, թե ինչու չեք գնում: Մեքենաներով գնայինք, պիտի ասեիք, թե շարասյունով եք գնացել:
– Սահմանին նրանց նոր մեքենաները գրավել են թե լրագրողների, թե բնակիչների ուշադրությունը:
– Այնքան մանր բաների եք անդրադառնում: Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան:
– ՀՀ պաշտոնյաները զինվորներին այցելելու մասին սկսեցին մտածել միայն Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից հետո, մինչ այդ չէին գնում: Եվ դա կարծես թե նրանց համար ավելի շուտ գովազդ դարձավ:
– Դուք սկսում եք նման տիպի մանր բաներին ուշադրություն դարձնել, որևէ գովազդի կարիք չկար: Գնում էին, որովհետև զոհեր էին լինում, դիվերսիոն գործողություններ կային, կար պատերազմի վտանգ: Եվ այդ ժամանակ ոչ միայն իշխանությունները, այլ բոլոր քաղաքական ուժերը միահամուռ կերպով որոշում կայացրեցին, որ պետք է գնանք դիրքեր: Դրանից առաջ էլ են եղել այցելություններ: Բայց այս անգամ լուրջ, պատերազմական իրավիճակ կար:
– Իսկ սահմանային այդ այցերը կշարունակվե՞ն:
– Ինձ թվում է՝ ոչ միայն կշարունակվեն, այլև բավականին արդյունավետ առաջարկություններ կլինեն: Ազգային ժողովի քաղաքական ուժերն արդեն կառավարություն առաջարկություններ են ներկայացրել նրանց կողմից բարձրացվող խնդիրներից, որոնք հնարավոր է այս փուլում կարգավորել: Դա կլինի կոմունալ վճարների, սննդի հետ կապված, միանվագ նպաստների ավելացման հետ կապված: Մեկ ժամ առաջ 6 քաղաքական ուժեր առաջարկ ներկայացրեցին կառավարությանը:
– Բայց մոտ 2 շաբաթ առաջ Հ. Աբրահամյանն ինքն էր հայտարարել, որ սահմանամերձ շրջաններում արտոնություններ սահմանելու ծրագրեր են մշակում: Խոսքը այդ նույն արտոնությունների՞ մասին է:
– Այդ հարցում մենք բոլորս միասնական ենք: Կառավարությունն էլ է հայտարարություն արել, մենք էլ ենք առաջարկություն անում: Դա միասնական է արվում:
Լուսանկարը՝ Photolure-ի







































