Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2013 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 57 մլրդ 500 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ արդյոք ոլորտի հատկացումները հաշվարկելիս հաշվի առնվե՞լ են գնաճն ու սղաճը: Փոխնախարարը պատասխանեց, թե բյուջեն հաշվարկվել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն, իսկ 2013թ.-ին աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ:
Ջհանգիրյանը իր ակնկալած պատասխանը չստանալով՝ կրկնեց՝ ոստիկանությանը, դատախազությանը հատկացումները հաշվարկելիս գնաճն ու սղաճը հաշի առե՞լ են, թե՞ ոչ: Սաֆարյանը նկատեց, թե այսօր դատախազության ֆինանսավորման չափը չի քննարկվում: «Հարցս վերաբերում է բոլորին…»,- արձագանքեց Գ.Ջ հանգիրյանը:
Փոխնախարարը ետ չմնաց ու հակադարձեց. «Բոլորին հարց տալը կոռեկտ չէ»:
Այս «երկխոսությանը» միջամտեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը. «Հարցն այն է, թե ոլորտի աշխատակիցների վիճակը հաջորդ տարի ավելի ծա՞նր է լինելու, թե՞ ոչ, մակարդակի անկում լինելո՞ւ է, թե՞ ոչ»: Ստանալով Պ. Սաֆարյանի գրեթե նույն պատասխանը՝ «ես շատ պարզ պատասխանեցի՝ աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում», Վ. Հովհաննիսյանը եզրափակեց. «Կարող ենք արձանագրել, որ մակարդակի անկում է լինելու»:
Պ. Սաֆարյանը նկատեց, որ ճգնաժամի պատճառով 2009թ.-ից հետո փորձում են ծախսերի մակարդակը պահպանել. «Մեր հնարավորությունը և պահանջը միշտ հօգուտ պահանջի է լինում: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի մեծ հատկացումներ կատարել»:










































