Սեպտեմբերի 10-ից շաբաթական 5 օր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Ա1+» հեռուստաընկերության «ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը և «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը` նշելով, որ կողմերի միջև արդեն պայմանագիր է ստորագրվել:
«ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագիրը կլինի 20 րոպե տևողությամբ` հիմնական շեշտադրումն անելով մշակութային հիմնախնդիրների վրա, սակայն անդրադարձ կկատարվի նաև քաղաքական թեմաներին և օրվա անցուդարձին:
Համագործակցության առաջարկն արվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության կողմից: «Արմնյուզ»-ը չի միջամտի «ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագրի թիմի աշխատանքներին, չի խմբագրի նյութերը:
«Մենք մեծ սիրով ընդունեցինք այս բիզնես առաջարկը, քանի որ ոչ մի միջամտություն չի լինի մեր աշխատանքին»,- ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը: Հարցին, թե դա չի՞ ազդի արդյոք «Ա1+»-ի պայքարի վրա, նա պատասխանեց, որ չպետք է խառնել աշխատանք և իրավունքի պաշտպանություն հասկացությունները: «Մենք մեր իրավունքների տերն ենք, բայց պատրաստ ենք կատարել այդ պատվերը»,- նշեց նա:
Մեսրոպ Մովսիսյանի խոսքերով` շարունակվում են դատական գործընթացները «Ա1+»-ին եթեր չտրամադրելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս գործում՝ որպես երրորդ կողմ, ներգրավված է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:
«Մենք համաձայնեցինք այն առաջարկին և պայմաններին, որն «Արմնյուզ»-ի կողմից մեզ արվեց: Առանց միջամտության և խմբագրական աշխատանքի մասին առաջարկը մեծ սիրով ընդունեցինք` որպես բիզնես առաջարկ»,- ասաց Մեսրոպ Մովսիսյանը: Միաժամանակ նա նշեց, որ իրենց պայքարը չի դադարելու, ընդդեմ ՀՌԱՀ-ի դատավարությունը շարունակվում է, որում՝ որպես երրորդ կողմ, ներգրավված է նաև «Արմնյուզը»:
Ըստ Մեսրոպ Մովսիսյանի` «Ա1+»-ի և «Արմնյուզ»-ի գաղափարները չեն համապատասխանում. «Սակայն ես չեմ համարում թշնամություն, անհասկացողություն, այլ մենք պետք է եզրեր գտնենք և՛ էս «պոզիցիան», և՛ էն «պոզիցիան» ներկայացնելու»:
Լրագրողները հետաքրքվեցին` արդյո՞ք սա ուժեղի կողմից փոքրին կուլ տալու քայլ չէ: «Ես ինձ չեմ համարում փոքր: Կուլ տալու համար էլ հարմար չեմ, որովհետև փշոտ եմ: Բայց նման մտավախություն կա, որովհետև առջևում քաղաքական պայքար է լինելու»,- ասաց «Ա1+»-ի տնօրենը` հավելելով, որ նախապատրաստվում է նաև այդ զարգացմանը:







































