Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, լոնդոնյան Օլիմպիադայի կազմակերպիչները մարզիկների պաշտպանության գործում կներգրավեն բրիտանական ոստիկանությանը:
Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ անվտանգություն ապահովող թիկնապահական G4S ընկերությունը չի կարողացել տրամադրել անհրաժեշտ քանակությամբ մարդկանց` օլիմպիականներին պաշտպանելու համար:
Պարբերականի փոխանցմամբ` անցած հանգստյան օրերին մանչսթերյան Marriot Worsley Park հյուրանոցում 56 պայմանավորված թիկնապահների փոխարեն աշխատանքի էր ժամանել միայն 17-ը: Դրա հետևանքով Մանչեսթերի ոստիկանությունը ստիպված էր արագ կերպով ապահովել հյուրանոցի անվտանգությունը: Նման միջադեպեր էին տեղի ունեցել նաև այլ վայրերում:
Միաժամանակ, խաղերի կազմակերպիչները մտավախություն էին հայտնել, որ հասարակական վայրերում ոստիկանների թվաքանակի պակաս կզգացվի, երբ նրանց հսկողության տակ գտնվող վայրերի թիվը մեծանա:
Լոնդոնում Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:









































