2012 թվականի փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական գործարք են կնքել, ըստ որի՝ Իսրայելը պետք է առաջիկա 4 տարում Ադրբեջանին մատակարարի 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:
Խոսքը Gabriel-5 հականավային հրթիռների, Heron TP և Searcher տիպերի անօդաչու թռչող սարքերի, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգի, Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի, ականազերծման POMİNS-2 համակարգի և այլնի մասին է:
Այս ամենը հայտնի դառնալուց հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Իսրայելը խախտել է Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու մասին համաձայնագրի գաղտնիությունը:
Ի դեպ, երեք տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են այսբերգի, և որ սովորական աչքերի համար տեսանելի է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների միայն 1/10 մասը:
Արդեն մեկ ամիս անց` մարտի վերջին, ամերիկյան Foreign Policy պարբերականը գրեց, որ Ադրբեջանն իր ավիաբազաները տրամադրել է Իսրայելին` Իրանի դեմ հնարավոր հարձակման համար, իսկ մայիսի վերջին ադրբեջանական ու իսրայելական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմական նոր գործարք են կնքել մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ: Խոսքը մի գործարքի մասին է, որը գերազանցում է Թուրքիայի հետ կնքված նմանատիպ համաձայնագիրը, և որը մասնագետները գնահատել էին 300 միլիոն դոլար:
Դրանից հետո իսրայելական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանը փրկում է Իսրայելի ռազմական արդյունաբերությունը, քանի որ Արևմտյան երկրները սկսել են ավելի քիչ սպառազինություն և քաղաքացիական սարքավորում (ոչ մեծ քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներ) գնել Իսրայելից՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ: Պետք է նկատել նաև, որ վերջին շրջանում կասեցված է թուրք-իսրայելական ռազմական համագործակցությունը:
Իսրայելից Ադրբեջանի գնած սպառազինության գործածման թիրախի հարցում օտարազգի փորձագետների կարծիքները բաժանվել են: Օրինակ՝ Պենտագոնին մոտ կանգնած ռազմական վերլուծաբաններից մեկը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, նշել է, որ այդ սպառազինության գնումը կապված է ռուսական գործոնի հետ, և որ այն որևէ կապ չունի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածության հետ.
«Նմանատիպ միջկառավարական համաձայնագրերի կնքման նախապատրաստությունը տևում է ամիսներ և անգամ տարիներ: Դրա համար էլ Իսրայելի և Ադրբեջանի միջև տվյալ համաձայնագրի պատմությունը սկսվել է Իրանի շուրջ լարվածության առաջացումից շատ ավելի առաջ:
Ես վստահ եմ, որ 1.6 միլիարդ դոլարի ադրբեջանա-իսրայելական գործարքը համաձայնեցված է Վաշինգտոնի հետ, քանի որ Բաքուն տարիներ շարունակ համանման խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին: Ամենայն հավանականությամբ, այդ գործարքի թիրախն ավելի շատ հյուսիսից, քան հարավից եկող սպառնալիքին դիմագրավելն է»:
Ամերիկյան ռազմավարական հետազոտությունների փորձագետ Սթիվեն Բլանկը կարծում է, որ, բացի Ադրբեջան սպառազինություն ուղարկելուց, Իսրայելն այդ երկիր կուղարկի նաև բազմաթիվ մասնագետների, տեխնիկների և խորհրդատուների, որոնք ադրբեջանցիներին կօգնեն յուրացնել այդ սպառազինությունից օգտվելու հմտությունները.
«Բազում տարիներ Մոսկվային չզայրացնելու համար Վաշինգտոնը սպառազինություն չի ուղարկում Վրաստանին: Սակայն նրա փոխարեն դա կարող է անել Իսրայելը: Ադրբեջանի հետ կնքելով առաջին գործարքը՝ Իսրայելը տարածաշրջանի հետ համագործակցության նախադեպ ստեղծեց: Ներկայումս Արևմուտքը խիստ դժգոհ է Սիրիայի հարցում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումից և դրանով իսկ արտահայտում է իր դժգոհությունը: Մյուս կողմից էլ՝ Սիրիան իր ռուսական սպառազինությամբ արդեն իսկ վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար: Սակայն սպառազինության ոլորտի վերջին գործարքները կարող են նոր լարվածություն առաջացնել Կովկասում՝ ներառյալ Ռուսաստանն ու Իրանը»:
Ամերիկացի անկախ լրագրող, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի փորձագետ Ջոշուա Կուչերան կարծում է, որ Ադրբեջանը տվյալ սպառազինությունն ուղղելու է ոչ թե Իրանի, այլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ. «Բացառված է, որ Ադրբեջանն այդ զենքն ուղղի Իրանի դեմ: Ադրբեջանը որևէ օգուտ չունի Իրանի վրա անձամբ հարձակվելուց կամ դա Իսրայելի հետ համատեղ անելուց, ինչը կարող է տեղի ունենալ միայն ամենաքողարկված ուղիներով:
Որքան էլ Ադրբեջանը հզորացնի իր բանակը, միևնույն է, նա չի կարող չափվել իրանական բանակի հետ, և կհայտնվի անզոր վիճակում իրանական բանակի պատասխան հարվածի դեպքում: Ադրբեջանի կառավարությունը չի վստահում Իրանին, սակայն վախենում է ոչ թե Իրանի միջուկային ծրագրից, այլ իր ներքին գործերին նրա միջամտելուց:
Ադրբեջանի համար Իսրայելն արժեքավոր գործընկեր է սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման համար: Ավելի շուտ Ադրբեջանը լավ գումարներ ունի, իսկ Իսրայելն արտադրում է բարձրորակ ռազմական տեխնիկա: Բաքուն դժվարություններ է կրում ԱՄՆ-ից նման գնումներ անելու հարցում, քանի որ հայամետ կոնգրեսականները սահմանափակումներ են մտցրել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա, իսկ պաշտոնական Վաշինգտոնը չի ցանկանում սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանը նույն սահմանափակումներին բախվում է նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանից զենք գնելու հարցում: Իսրայելի պարագայում այդպիսի խնդիրներ չեն ծագում: Փաստորեն, Իսրայելից Ադրբեջանի զենք գնելը պետք է անհանգստացնի ոչ թե Իրանին, այլ Հայաստանին»:
Բաքվի «Արևելք-արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Առասթուն Օրուջլուն կարծում է, որ Իսրայելը չափազանցում է Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության մասշտաբը` Բաքվի ու Թեհրանի միջև լարվածության մեծացման համար և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իր ակտիվ գործողություններն իրականացնելու համար.
«Իսրայելը ժամանակ առ ժամանակ նմանատիպ խոշոր տեղեկատվական արտահոսք է բաց թողնում` խոսելով ավելի լայնամասշտաբ համագործակցության մասին, քան կա իրականում` Իրանին զայրացնելու համար: Դժբախտաբար, Ադրբեջանն էլ չի կարողանում կամ չի ցանկանում կանխել դա: Ադրբեջանի համար Իսրայելի հետ կապերն այնքան կարևոր չեն, որ նա դրանք վերածի Իրանի կողմից իրական սպառնալիքի և, հանուն դրանց, սպառնալիքի տակ դնի Թուրքիայի հետ իր կապերը»:
Ռուս փորձագետ, Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հայդար Ջամալի կարծիքով` ներկայումս Ադրբեջանն Իսրայելի համար այն է, ինչ նախկինում Թուրքիան էր. «Ադրբեջանը շատ սերտ կապերի մեջ է Իսրայելի հետ, այդ թվում նաև` ռազմական ոլորտում: Երկու երկրները սերտորեն համագործակցում են ռազմական հետախուզության ոլորտում: Ոչ վաղ անցյալում Թուրքիան ու Իսրայելը Մերձավոր Արևելքում գործում էին միմյանց հետ խորհրդակցելով: Ներկայումս այդ մոտ հարաբերությունները չկան, և դրանք հաստատվել են Ադրբեջանի հետ: Ադրբեջանին Իսրայելի կողմից սպառազինություն վաճառելը հերթական փորձն է Իրանի վրա ևս մեկ վեկտորով հոգեբանական ճնշում գործադրելու համար»:
Ռուսաստանի ԳԱԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը կարծում է, որ Իսրայելը, ի տարբերություն այլ երկրների, բարոյական սահմանափակումներ չունի Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում և Բաքվի համար իդեալական գործընկեր է ռազմական ու ռազմա-տեխնիկական ոլորտում.
«Իսրայելը ձգտում է տարածաշրջանում Ադրբեջանը վերածել իր հենակետի` ի հակակշիռ Իրանի: Եթե մենք ուշադիր նայենք Իսրայելից Ադրբեջանի գնած զենքերին, ապա կտեսնենք, որ դրանցից ոչ բոլորն են նախատեսված Հայաստանի դեմ գործելու համար: Օրինակ՝ ակնհայտ ծովային ու հեռավոր ավիացիոն ուղղվածություն ունեցող զենքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերն իրեն անհրաժեշտ են իր խողովակաշարերի ու Կասպիցի հանքերի պաշտպանության համար: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Կասպից ծովում տարածքային վեճեր ունի Իրանի ու Թուրքմենստանի հետ, ապա այդ ինքնաթիռները կարող են ծառայել որպես զսպման միջոց: Չի բացառվում, որ մի օր դրանք կարող են Ադրբեջանից թռչել դեպի Իրան»:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն Ադրբեջանին Իսրայելի կողմից զենք վաճառելը պայմանավորում է իրանական գործոնով. «Թեև պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե գնված զենքը կարող է ուղղվել Լեռնային Ղարաբաղի դեմ, սակայն դրանք միայն խոսքեր են:
Կարծես թե Իսրայելն Ադրբեջանում ռազմա-քաղաքական հակակշիռ է ստեղծում Թուրքիային: Բաքուն երբեք չի պատերազմի Մոսկվայի դեմ, և դա ոչ թե նրա համար, որ ուժերն անհավասար են, այլ նրա համար, որ աչքի առաջ են 2008 թվականի կովկասյան պատերազմի դասերը»:








































