Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին վաղն աշխատանքային այցով մեկնելու է Ղազախստան: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալթայ Աբիբուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Սալեհիի ղազախական այցի ժամանակ քննարկվելու են քաղաքական, առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Ղազախստանում Սալեհին հանդիպելու է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու արտգործնախարար Երժան Կազիխանովի հետ:
Ղազախստանում Սալեհին մասնակցելու է իրանա-ղազախական տնտեսական համատեղ հանձնաժողովի 12-րդ նստաշրջանին: Այդ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանը տեղի էր ունեցել 2010 թվականի մարտին՝ Թեհրանում:









































