Այսօր Ազգային ժողովում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀ-ում 13 տարի իշխում է ՀՀԿ-ն, այդ թվում՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ:
Ըստ Աշոտյանի` անցած հինգ տարիների ընթացքում ՀՅԴ-ն՝ 40%-ով, ԲՀԿ-ն` 100%-ով, ՕԵԿ-ը 80%-ով եղել են կառավարության մաս, և անհասկանալի է` ինչ է նշանակում ձախողված եզրույթը:
Աշոտյանը հայտնեց, որ The Fund for Peace-ի հրապարակած «Ձախողված պետությունների 2012 ինդեքսում» Հայաստանը ամենակայուն երկիրն է տարածաշրջանում: Նրա խոսքով՝ դրա մեջ հաշվվում են և՛ աղքատությունը, և՛ մարդու իրավունքները, ընդհանուր` 12 տարբեր վարկանիշներ:
Նախարարի բնորոշմամբ` եղան շատ ելույթներ, որոնցում ասում են՝ մենք դեմ չենք կառավարության ծրագրին, այլ դեմ ենք իշխանությանը, որը ձևավորվել է ընտրությունների արդյունքում:
Աշոտյանը կոչ արեց համակերպվել առաջիկա հինգ տարիների ընթացքում միասին աշխատելու մտքին. «Այս ծրագիրն իրականացնելու ենք միասին` ուզեք, թե չուզեք»:








































