Արժույթի միջազգային հիմնադրամը չի պատրաստվում օգնություն ցուցաբերել ֆինանսական խնդիրներ ունեցող Իսպանիային։ Այս մասին հայտարարել է այդ կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդը։ Նա նշել է, որ Իսպանիան նման խնդրանքով չի դիմել ԱՄՀ-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լագարդն այս հայտարարությունն արել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սայենս դե Սանտամարիայի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները ստիպված էին եղել ազգայնացնել Իսպանիայի՝ մեծությամբ 4-րդ բանկը՝ Bankia-ն, քանի որ վերջինս ուներ ֆինանսական լրջագույն խնդիրներ։ Այդ քայլին գնալու համար Իսպանիայի իշխանությունները հատկացրել էին 4.5 մլրդ եվրո, որից հետո Bankia-ն խնդրել էր ևս 19 մլրդ։








































