Ամենաքիչը հինգ մարդ է սպանվել, ևս տասը վիրավորվել Պակիստանի Քվետտա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է DawnNews հեռուստաալիքը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հեռակառավարման համակարգով պայթուցիկը գործել է ճանապարհին, երբ կողքով սահմանապահ զինվորներով ավտոմեքենա է անցել:
Զոհվածների թվում մեկը զինվորական է: Պայթյունից հետո կրակը հասել է նաև ուղևորներ փոխադրող մի քանի ավտոմեքենաների:
Պակիստանյան հեռուստաալիքները հիշեցնում են, որ այդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Ուսամա բեն Լադենի սպանության տարելիցի օրը: Երկրում անցկացվում է անվտանգության ուժեղ վերահսկողություն: Իշխանությունները մտավախություն ունեն, որ ծայրահեղականները կարող են այս օրը «նշել» ահաբեկչություններով:








































