Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիին ծանոթացրել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաքի անվան այգու կառուցման նախագծին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այգին կառուցվում է Երևանի և Բուենոս Այրեսի միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Երևանի գլխավոր ճարտարապետը տեղում նախագծի վրա երկու քաղաքապետերին է ներկայացրել նախատեսվող ծրագիրը:
Շուրջ 2 հա տարածք զբաղեցնող այս հատվածը հանգստի յուրօրինակ վայր կդառնա հատկապես ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանի համար:
Շուտով կտրվի ծրագրի առաջին փուլի մեկնարկը և, արդեն մոտ ապագայում Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն իրենց հանգիստը կարող են անցկացնել բարեկարգ այգում:









































