Azamara Quest զբոսաշրջային նավը հրդեհի պատճառով մեկ օր օվկիանոսում շրջելուց հետո ժամանել է Բորնեո կղզու Սանդական նավահանգիստ: Այս մասին գրում է BBC-ն:
Նավի օպերատորի խոսքերով՝ անձնակազմին հաջողվել է վերականգնել նավի էլեկտրամատակարարումը: Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը, մեկ օր անց այն բանից հետո, երբ նավը Ֆիլիպիններից ուղևորվել է Մալազիա:
Նավում եղել է ավելի քան 1000 մարդ` անձնակազմի անդամները և զբոսաշրջիկներ` մեծ մասամբ ԱՄՆ-ից և Եվրոպայից: Azamara Club Cruises ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ անձնակազմի հինգ անդամ թունավորվել է շմոլ գազից, սակայն ուղևորները չեն տուժել:
Նրանք նաև հաղորդել են, որ Մալազիա ժամանելուն պես շրջագայությունը կդադարեցվի:
Նավը պատկանում է մեծությամբ երկրորդ Royal Caribbean զբոսաշրջային ընկերությանը:









































