Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»–ին մասնակցելուց Հայաստանի պատվիրակության հրաժարվելու փաստի վերաբերյալ գերմանական Spiegel-ը հանդես է եկել հրապարակմամբ:
Գերմանական ամսագիրը, չխորանալով մանրամասների մեջ, գրել է, որ Հայաստանում վերջերս լուրջ քննարկումների ու բանավեճերի առիթ էր դարձել հակամարտության գոտում հերթական հայ զինվորի մահը, որն, ըստ նախնական վարկածի, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցի արդյունք էր:
Spiegel-ը հավելել է, որ այդ քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է իրենց մասնակցին Բաքու չուղարկելու մասին` որպես բոյկոտի հիմնավորում նշելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որտեղ նա աշխարհի բոլոր հայերին անվանել էր «ազերիների գլխավոր թշնամի»:
Ըստ գերմանական հայտնի ամսագրի՝ Բաքվում կայանալիք մրցույթը խիստ վիճահարույց է. իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ն ու «Լրագրողներ առանց սահմանների»–ն, բազմիցս քննադատել են Ադրբեջանին` այդ երկրի ավտորիտար ղեկավարությանը մեղադրելով մարդու իրավունքների խախտումների, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումների մեջ:
Անդրադառնալով «Ազատության» թղթակից Հադիջի Իսմաիլովայի համացանցում հայտնված ինտիմ տեսանյութին՝ նշվում է, որ, ըստ Amnesty International-ի, տեսանյութը ցանցում հայտնվել է, երբ Իսմաիլովան հրաժարվել է ենթարկվել Ալիևների կլանի կոռուպցիոն գործունեության մասին նյութեր չհրապարակելու պահանջին։ Նշենք, որ լրագրողը հետաքննում էր Ալիևների և Բաքվի կենտրոնում իրականացվող շինարարական խոշոր նախագծի միջև կապը:
Լրագրողուհին նամակ է ստացել` տեսանյութի հետ, որով նրան զգուշացրել են, որ կանվանարկվի, եթե շարունակի իր հետաքննությունը: Մերժումից հետո լրագրողի ինտիմ կյանքին վերաբերող տեսանյութը հայտնվել է համացանցում:








































