«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Եվրամիության նախարարների խորհուրդը երկուշաբթի օրը կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում, և կընդունի փաստաթուղթ, այսպես ասած՝ եզրակացություն, որով ևս մեկ անգամ կընդգծի, որ պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերիշխանությանն ու այս տարածաշրջանի բարգավաճմանը։ Միաժամանակ, Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, նախարարները կընդգծեն տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է, որ ԵՄ-ն ուզում է «առանց նախապայմանների մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ»:
«Եվրամիությունը ուզում է ընդարձակել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Սա չի նշանակում, թե նրանք ուզում են փոխարինել Ֆրանսիային, նրանք չեն ցանկանում այդչափ հեռու գնալ, սակայն Եվրամիությունը ուզում է ավելի ակտիվ լինել մի շարք հարցերում, ասենք՝ երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդման, ականազերծման և այլն… Իսկ որ ամենակարևորն է՝ Եվրամիությունն ուզում է առանց նախապայմանների մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ, և սա նորություն է», – ռադիոկայանին տված հարցազրույցումմ փոխանցել է Ռիկարդ Յոզվյակը՝ դիվանագետի հետ ունեցած զրույցից։
Այս պահին դեռևս կուլիսներում շրջանառվող այդ առաջարկի համաձայն, Եվրամիությունը փաստորեն ուզում է, որ իր դիվանագետները, ներկայացուցիչները անարգել, առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն հայցելու մուտք ունենան Ղարաբաղ՝ պատճառաբանելով, թե ԵՄ-ն չի կարող լոկ դիտորդի դեր ստանձնել այս հարցում։
«Եվրոպացի պաշոնյաներն իրենց փաստարկներն են բերում՝ պնդելով. մենք հարաբերվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ բազմաթիվ հարցերում, բանակցություններ ենք վարում առևտրի ազատականացման, վիզաների դյուրացման ու այլ հարցերի շուրջ, սակայն ամբողջովին դուրս ենք թողնված ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։ Մինչդեռ սրանք ամենևին էլ իրարից տարանջատ ուղղություններ չեն, և Եվրամիությունը ուզում է ավելի կառուցողական դեր ունենալ այս հարցում», – ասում է Ռիկարդ Յոզվյակը։








































