Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը կսպառի թուրքական ժխտողական քաղաքականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը`խոսելով Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագծի շուրջ:
Նա ընդգծեց երկու հանգամանք: «Օրինագծի ընդունումից հետո թուրքական ժխտողական, շանտաժի վրա հիմնված քաղաքականությունը էլ ավելի կկորցնի իր արդյունավետությունը, էլ ավելի կսպառվի, քանի որ շատ են սպառնալիքները և շանտաժն ուղղված Ֆրանսիային»,- նշեց թուրքագետը`հավելելով, որ թուրք փորձագետները նույնպես խոսում են այդ մասին:
Ըստ Լ. Հովսեփյանի` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Ցեղասպանության ընդունման գործընթացն ավելի ակնառու կդառնա օրինագծի ընդունմամբ ու միջազգային ճանաչման գործընթացը նոր դինամիկայի մեջ կմտնի: Թուրքագետը մասնավորապես կարևորեց օրինագծի այս տեսակը, որը բացի ճանաչումը նաև պատժելի արարք է համարում տվյալ պետության տարածքում ցեղասպանության հերքումը: «Սա է շատ կարևոր: Առավել կարևոր է, որ օրինագիծն ընդունվում է եվրոպական առաջատար պետություն համարվող Ֆրանսիայի կողմից»,- մեկնաբանեց Լ. Հովսեփյանը`դրական գնահատելով օրինագծի ընդունումը:
Նշենք, Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հերքողներին պատժել մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո տուգանքով։








































