Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր անցկացրել է Արագածոտնի մարզպետարանում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին և երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցեր:
Զեկուցվել է, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում ավարտվել են, դրանում ընդգրկված 23 ծրագրերից միայն 5-ի մասով են շարունակվում շինաշխատանքները, դրանք էլ կավարտվեն մինչև նոյեմբերի վերջ:
Տեղեկացվել է, որ ծրագրի երկրորդ մասում ընդգրկված բոլոր օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, ընթացքի մեջ է կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև մարզի համայնքային բյուջեների 2011թ. 10 ամիսների կատարողականի ցուցանիշները:
Նոյեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 2,1 մլրդ դրամի դիմաց կազմել են 1,8 մլրդ դրամ (կատարողականը` 87.6.%): Սեփական եկամուտների կատարողականը 73.6% է: 2010թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ արձանագրվել է նվազում`8.2 %-ով:
Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել ցուցանիշների բարելավման ուղղությամբ` անթույլատրելի համարելով նման միտումը:
Հիմնականում նվազում է արձանագրվել հողի հարկի հավաքագրումների մասով, հատկապես ցածր են մարզի Ավան, Արագածոտն, Արուճ, Կարբի, Կոշ, Նոր Եդեսիա, Օհանավան, Ապարան, Ափնա, Թթուջուր, Նիգավան, Վարդենիս, Քուչակ, Ծաղկաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Արագածավան համայնքների ցուցանիշները:
Փոխվարչապետը հիշեցրել է, որ վերջին շրջանում ընդունված իրավական ակտերը թույլ են տալիս համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր ապահովել և հորդորել է օգտագործել նաև այդ հնարավորությունները:
Փոխվարչապետին զեկուցվել է նաև մարզում գյուղատնտեսական վիճակի մասին: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշները բարձր են:
Մթերվել է 5500 տոննա խաղող` նախորդ տարվա 2900 տոննայի դիմաց, հացահատիկի և հատիկաընդեղենի բերքը նախորդ տարվա արդյունքը գերազանցել է 18,7 հազ. տոննայով:
Մարզում կատարվել է մոտ 10 200 հա աշնանացան` 1500 հեկտարով ավելի, քան անցած տարի, ինչը պայմանավորված է սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրով:
Տարվա ընթացքում 1516 տնտեսություն օգտվել է ցածր տոկոսադրույքով վարկերից` 1 մլրդ 143 մլն դրամի չափով:
Տեղեկություններ են ներկայացվել նաև համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին:
Մարզի 3 համայնքի`Թալին, Ապարան քաղաքների և Ծաղկահովիտ գյուղի նախագծերը հաստատված են, Աշտարակ քաղաքինը գտնվում է մշակման փուլում:
Ա. Գևորգյանը մարզպետին հանձնարարել է համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:
Անդրադարձ է կատարվել նաև մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:
Գևորգյանը պահանջել է պահպանել վերջին շրջանում կատարված փոփոխությունների պահանջները, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը:
Փոխվարչապետի մարզային խորհրդակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն:








































