Մարտի 2-ից մեկնարկած պատերազմի ընթացքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնվել է ծանր կացության մեջ։ Ըստ խմբավորման ներքին աղբյուրների՝ Իսրայելը գրավել է Հարավային Լիբանանի զգալի հատվածներ, իսկ շարժման մարտիկների շրջանում զոհերի թիվը հասնում է մի քանի հազարի։
Բեյրութում ընդդիմությունն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը՝ պահանջելով զինաթափել խմբավորումը, որին մեղադրում են երկիրը կործանարար պատերազմների մեջ ներքաշելու համար։
Լիբանանի կառավարությունը, չնայած «Հեզբոլլահի» դիմադրությանը, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ անցյալ ամիս ուղիղ բանակցություններ է վարել Իսրայելի հետ։
Չնայած անհաջողություններին, խմբավորման ներկայացուցիչները Reuters-ին հայտնել են, որ ակնկալում են փոխել իրավիճակն իրենց օգտին՝ առավել սերտ համագործակցելով Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում։ Նրանք հույս ունեն, որ դա թույլ կտա Լիբանանի հարցը ներառել ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգում և հասնել իրենց համար ձեռնտու հրադադարի։








































